2014-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 3.9%. հրապարակվել են նախորդ տարվա ցուցանիշները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Նախորդ տարվա ընթացքում տնտեսական ակտիվությունը՝ 2013 թվականի համեմատ, աճել է 3.9%-ով։ Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) տարբերում է ՀՆԱ-ի աճի ցուցանիշից, այդուհանդերձ, թույլ է տալիս պատկերացում կազմել տնտեսական աճի մասին։
Հիշեցնենք, որ 2014 թվականի պետբյուջեով նախատեսված էր ունենալ 5.2% տնտեսական աճ, սակայն արդեն տարվա ընթացքում պարզ դարձավ, որ այդ ցուցանիշը հնարավոր չի լինելու ապահովել։ Անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ եթե հաջողվի ապահովել 4% աճ, ապա դն կլինի ձեռքերում։
Ամենամեծ աճը՝ 7.8%, գրանցել է ծառայությունների ոլորտը։ Նախորդ տարվա ընթացքում ծառայությունների ծավալը կազմել է 1 տրիլիոն 110.2 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսությունն աճել է 7.2%-ով, ծավալը՝ 993.4 միլիարդ դրամ։
Արդյունաբերության աճի տեմպը նվազել է՝ 2.7%։ Չնայած դրան, արդյունաբերական արտադրանքի ծավալը իր մեծությամբ առաջինն է ՀՆԱ-ի մեջ՝ 1 տրիլիոն 288.1 միլիարդ դրամ։ Արդյունաբերական գների ինդեքսը եղել է 3%։
Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 1.6%-ով և կազմել 2.4 տրիլիոն դրամ։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է կես տոկոսով։ 2014-ի ընթացքում հանրապետությունում արտադրվել է 7750 մլն կՎտժ էներգիա։
Անկում է գրանցել միայն շինարարության ոլորտը։ Շինարարության ծավալը 2014-ին կազմել է 433.2 միլիարդ դրամ, որը 2013 թվականի ցուցանիշից ցածր է 4.3%-ով։