
Ադրբեջանը չեղարկել է ԱՄՆ-ի դեսպանատան նոր շենքի կառուցման մասին պայմանագիրը. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը հրաժարավել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ ստորագրած համաձայնագրից, որն առնչվում է Բաքվում ամերիկյան դեսպանատան նոր շենք կառուցելուն:
Դա տեղի է ունեցել Վաշինգտոնի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները քննադատելուց անմիջապես անց:
Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրը: Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմի այդ քայլից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին 2014 թվականի փետրվարին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ համագործակցության կոչ անելով:
Դեսպանատան նոր շենքի անհրաժեշտությունը ծագել է վաղուց: Ներկայիս 100-ամյա շինությունը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին ու չափազանց փոքր է, այն գտնվում է տխուր վիճակում:
2014 թվականի ապրիլ-մայիսին Պետդեպարտամենտի հրապարակած հաշվետվությունում նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը քանիցս արգելափակել է դեսպանատան ջանքերը՝ ուղղված դեսպանատան համալիրի համար նոր տեղ ստանալուն:
Աղբյուրն ընդգծել է, որ 2013 թվականի ընտրություններում Ադրբեջանում տեղ գտած խախտումների, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների ոլորտում օրենսդրության խստացման կապակցությամբ Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունները զայրացրել են Ադրբեջանի կառավարությանը: