Գյումրիի ոճրագործությունն ունի պատվիրատու. Հայկ Ա. Մարտիրոսյան
«Գյումրիի ոճրագործությունն ունի պատվիրատու»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք)` անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Նա նշեց, որ դավադրությունների տեսություններին չի հավատում գոնե այն տեսքով` ինչպիսին դրանք հայտնվում են համաշխարհային և հատկապես ռուսական կամ հետխորհրդային երկրների մամուլի էջերում կամ եթերում: Ըստ Մարտիրոսյանի, դրանց մեծ մասն աղբ է` ծնված խիստ սահմանափակ ինտելեկտ և թերթային գիտելիքներ ունեցող մարդկանց գլուխներում: «Այդպիսիք հատկապես շատ են ռուսական մեդիադաշտում: Անշուշտ, համաշխարհային քաղաքականությունում կամ ներպետական գործերում կան բազում հանգամանքներ և օրակարգեր, որոնք պետությունների կամ դրանց որոշակի խավերի կողմից կեղծվում են, և որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Սակայն դա այլ խնդիր է:
Արևմուտքում շատերն անգամ այդ գաղափարներն են համարում դավադրության տեսություն, և այստեղ իմ կարծիքն արդեն այլ է: Ինչ վերաբերում է Պերմյակովի դեպքին, ապա, իմ կարծիքով` բոլոր դավադրության տեսություններն անհեթեթ են` բացի մեկից. իմ համոզմամբ` ոճրագործությունը պատվիրատու ունի, և այդ պատվիրատուն Ադրբեջանը կամ նրա ավագ դաշնակիցն են կամ՝ երկուսը միասին: Եվ դա խելամիտ բացատրություն ունի:
Շրջանառվող մնացած տեսությունները, թե Ռուսաստանն է կանգնած դրա հետևում, որպեսզի իր բազան դուրս բերի Հայաստանից, մեղմ ասած, խիստ անհեթեթ եմ համարում»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը: Վերջինս կատարվածի հետևում ամերիկյան հետք տեսնելու տեսությունը մեկ այլ ցնդաբանություն է համարում, որը հրապարակ են նետում, նրա խոսքով, խիստ էքսցենտրիկ «վերլուծաբանները», ինչպես, ասենք, Կիսելյովը: Ադրբեջանական վարկածը, նրա համոզմամբ, իր հերթին՝ վկայում է մի բանի մասին: Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: «Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- նշեց վերլուծաբանը:
Հայկ Ա.Մարտիրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: