Չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ վերադառնա Ասոցացման համաձայնագիրը. Կոնրադ Զաշտովտ

Չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ վերադառնա Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն բանակցություններին և հարաբերությունների հետագա հնարավորություններին: Դատելով Եվրոպական միության պաշտոնյաների շրջանում առկա տրամադրություններից` եվրոպացի փորձագետը նշեց, որ դրական ազդակներ է նկատում ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների հարցում:

Ըստ նրա` կողմերը ցանկանում են մեծ թափով շարունակել հարաբերությունները՝ չհակասելով ԵՏՄ անդամակցության պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Լեհաստանաբնակ փորձագետը չբացառեց, որ Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների օրակարգ վերադառնա արդեն իսկ բանակցված և նախաստորագրմանը պատրաստ Ասոցացման համաձայնագիրը:

«Բնականաբար, այդ դեպքում պայմանագրից կհանվի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագրի հենց այդ բաղադրիչն է հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Այսինքն` հնարավոր է, որ Ասոցացման համաձայնագիրը սկսեն քննարկել Հայաստանի հետ՝ առանց առևտրային բաղադրիչի: Իհարկե, այսպես կզարգանան Հայաստան-Եվրոպական միություն բարձր քաղաքական փոխհարաբերությունները, բայց պետք է հասկանալ, որ առանց այդ կարևորի՝ ԽՀԱԱԳ-ի, այդ հարաբերությունները, Հայաստանի եվրոպական բարեփոխումները կիսատ ու անկատար կմնան»,- ասաց Կոնրադ Զաշտովտը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում է այնտեղ կայանալիք Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանն ու Եվրոպական միությունն իրականացնելու են շրջանակավորման գործընթաց՝ համագործակցության հետագա ոլորտները հստակեցնելու և հարաբերությունների համաձայնագրային հիմքի շուրջ համաձայնության ձեռքբերման նպատակով:

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս