Ռազմաբազան վերածվել է զինված բանդայի

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող ոճրագործությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց. «Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները երկարաձգում էին ռազմաբազայի Հայատանում տեղակայման պայմանագիրը, մենք զգուշացնում էինք դրա հնարավոր բացասական հետևանքների մասին: Զգուշացնում էինք, որ այդ ռազմաբազան առանց հայկական կողմի պատշաճ վերահսկողության կարող է վերածվել զինված բանդայի, որը կարող է պատուհաս դառնալ մեր երկրի համար, ինչի ականատեսն ենք այսօր: Ի՞նչ է նշանակում այն փաստը, որ ժամապահը զենքով լքում է զորամասը, և այդ փաստը հայտնաբերելուց հետո Հայաստանի իրավապահ մարմինները ռազմաբազայի ղեկավարության կողմից չեն զգուշացվում դրա մասին»:

Ըստ Սարգսյանի՝ պատճառն այն է, որ Հայաստանը իրեն չի պահում որպես ինքնիշխան պետություն, չկա իշխանություն, որը կարող է պատասխան պահանջել այդ ռազմաբազայի ղեկավարության և շարքայինների գործողությունների համար:

Արամ Սարգսյանը ասում է, որ Հայաստանի ինքնիշխանության կոպիտ խախտում են թույլ տվել նաև ռուս սահմանապահները. «Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանցագործին բռնել են ռուս սահմանապահները և հանձնել են ռազմաբազային: Հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով. սահմանապահները սահմանախախտ հայտաբերելու դեպքում պետք է միանգամից նրան հանձնեն Հայաստանի ԱԱԾ-ին, այդպես է համապատասխան պայմանագրերով: Ի՞նչ է՝ եթե վաղը թուրք կամ հայ սահմանախախտ կալանավորեն, էլի ռազմաբազային պետք է հանձնե՞ն»,- հարցնում է «Հանրապետություն» ուսակցության նախագահը:

Մեր այն հարցին թե ինչպե՞ս է ինքը բացատրում ռուսական կողմի հայտարարությունների տոնայնության փոփոխությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Փառք Գյումրիի ժողովրդին, որը իր ըմբոստությամբ, իր բողոքով ստիպեց, որ Ռուսաստանի իշխանությունները հաշվի նստեն Հայաստանի տեսակետի հետ: Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը տեղի ունեցածից համապատասխան հետևություններ կանի: Սակայն նույնիսկ Պուտինի ցավակցական խոսքի մեջ կան ակնհայտ կեղծիքներ: Նախ ասվում է, որ ՌԴ նախագահը հերթական անգամ ցավակցում է. այդ ե՞րբ էր առաջին անգամ ցավակցել, որ երկրոդ անգամ է ցավակցում: Բացի այդ՝ ասվում է, որ համատեղ քննչական խումբը կբացահայտի հանցագործության մանրամասները. ոչ մի համատեղ քննչական խումբ էլ գոյություն չունի. քրեական գործը հարուցվել է ռուսական քննչական խմբի կողմից, և իրենք են հանցագործից փորձում պարզել, թե արդյո՞ք ինքն է սպանել կամ ինչո՞ւ է սպանել: Սա բացարձակապես իրենց գործը չէ:

Կարդացեք նաև

Ինձ շատ լուրջ իրավաբաններ տեղեկացրել են, որ եթե ռուսական կողմը կարող էր այս գործով քննություն իրականացնել, ապա միայն զինծառայողի կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու մասով, իսկ մնացած մասով`սպանության հանգամանքները բացահատելով պետք է զբաղվեն բացառապես Հայաստանի իրավապահ մարմինները»,- ասում է Արամ Սարգսյանը:

Նա ևս պաշտպանում է գյումրեցիների պահանջը, որ քնությւնը, դատավարությունը պետք է տեղի ունենան Հայաստանում և պատիժը ևս հանցագործը պետք է կրի Հայաստանում:

«Ռուսաստանը առանց այն էլ շատ բան կորցրեց այս ընթացքում, իսկ եթե ռուսները շարունակեն իրենց պահվածքը և հակադրվեն հայ հասարակությանը, ապա նրանք ընդհանրապես կկորցնեն հայ մարդկանց վստահությունն ու հարգանքը: Երբ ես նախկինում խոսում էի ռազմաբազայի տեղակայման վտանգների մասին, ինձ հակադրվողների թիվը բավական մեծ էր, հիմա ավելի շատ է համաձայնվողների թիվը»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ինքը չի մասնակցում Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ավետիսյանների ընտանիքի թաղման արարողության ժամանակ ես Հայաստանում չէի, և չկարողացա ներկա գտնվել, իսկ վաղը անպայման կլինեմ փոքրիկի հուղարկավորությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս