Բաժիններ՝

Գյումրեցին այլևս ի վիճակի չէ հանդուրժել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր հրավիրված ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը հետաձգվեց: Խորհրդաժողովի մասնակիցները տեղյակ չլինելով հետաձգման մասին հայտարարությանը, հավաքվել էին Ծառուկյանի կողմից ընդամենը մեկ ամիս առաջ բացված «Մուլտի գրանդ» հյուրանոցի դիմաց, և միայն ժամը 12-ին մոտ՝ հյուրանոցից դուրս գալով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մոտեցավ հավաքվածներին և հայտնեց, որ իրենք որոշել են խորհրդաժողովը հետաձգել, քանի որ Սերյոժա Ավետիսյանի մահը ազդել է բոլորի վրա, և ճիշտ չի ընկալվի, եթե իրենք այս պայմաններում խորհրդաժողով անցկացնեն: Խորհրդաժողովի մասնակիցների թվում էր նաև Գյումրից պատգամավոր ընտրված Մարտուն Գրիգորյանը, ով պատասխանեց 168.am-ի մի քանի հարցերին:

– Ի՞նչ իրավիճակ է այսօր Գյումրիում:

– Այսօր բոլորս էլ սգում ենք Սերյոժա Ավետիսյանի մահը, փոքրիկի մահը բոլորի վրա շատ ծանր է ազդել, և Գյումրում առկա լարվածությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով:

– Ո՞րն է գյումրեցիների պահանջը:

Կարդացեք նաև

– Գյումրեցիների և բոլորիս պահանջը այն է, որ արդար քննություն լինի և այս գործը հանձնվի հայկական կողմին. հայկական կողմը քննի, հայկական կողմը դատի և հանցագործն էլ իր պատիժը կրի Հայաստանում:

– Քանի որ այդ պահանջների կատարման հարցում առաջընթաց չկա, հնարավոր համարո՞ւմ եք բողոքի նոր ցույցեր:

– Չեմ կարծում, որովհետև գյումերիցները իրենց դժգոհությունը, իրենց բողոքը արտահայտեցին, և մենք էլ մեր կողմից կոչ ենք արել, որպեսզի հանգստություն պահպանվի, որպեսզի մենք չխանգարենք ընդհանուր գործին:

– Գյումրեցիները համոզված են, որ իրենց ներկայացրած պահանջները կկատարվեն դրա համար չեն բողոքի, թե չեն բողոքի մտածելով, որ միևնույն է՝ իրենց բողոքը հաշվի չի առնվում:

– Բողոքը կա, դժգոհությունը կա, բայց  այս պահին հասկանալով սպասում ենք, որպեսզի տեսնենք, թե ինչպիսի ընթացք կարող է լինել, որպեսզի գործին չխանգարենք:

– Տեսնելով ռուսական կողմի արձագանքը, ի՞նչ եք կարծում՝ նրանք պատրա՞ստ կատարել գյումրեցիների պահանջը:

– Չգիտեմ, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել:

– Գյումերցիները սկսել են խոսել այն մասին, որ իրենց քաղաքը անիծված է, որ այնտեղ միայն ողբերգական իրադարձությություններ են տեղի ունենում: Ի՞նչ պետք է անել քաղաքը այդ սթրեսային, դատապատվածի վիճակից հանելու համար:

– Ես ինքս գյումրեցի լինելով՝ շատ լավ հասկանում եմ գյումրեցիների հոգեվիճակը: Գյումրեցիները երկրաշարժից հետո մտածում էին, որ մեր քաղաքը չի կարող իր մեջքը շտկել, և դրա համար մեր իշխանությունը, կառավարությունը Գյումրիի հետ կապված յուրաքանչյուր, թեկուզ մանր խնդիր իր ուշադրության կենտրոնում պետք է պահի: Գյումրեցիները իրենց բողոքի գործողություներով ցույց տվեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և գյումրեցին այսքան տարի հանդուրժելուց, համբերելուց, այդքան դժվարություն, այդքան վիշտ տանելուց հետո, այլևս ի վիճակի չէ հանդուրժել:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների արձագանքը Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգությանը: Արդյոք այն համարժե՞ք էր:

– Կարճ կարող եմ ասել`մասամբ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս