Պուտինը պատրաստ է օդանավ ուղարկել՝ Սերյոժա Ավետիսյանին Մոսկվա տեղափոխելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի մեկ անգամ ևս ցավակցություն հայտնի զոհերի հարազատներին, ինչպես նաև համայն հայ ժողովրդին`օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետում, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքերով`նախագահը «հույս է հայտնել նաև, որ Հայաստան ժամանած ռուս բժիշկները`հայ գործընկերների հետ միասին անհրաժեշտ բարձր որակավորված օգնություն կցուցաբերեն ողբերգությունից ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին»:
«Ռուսաստանի նախագահն իր հայ գործընկերոջը հավաստիացրել է նաև, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել, որպեսզի երեխային տեղափոխեն Մոսկվա` հետագա բուժման համար »,-հավելել է նախագահի մամլո քարտուղարը:
Բացի այդ , հեռախոսազրույցի ընթացքում Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցերը` նշել է Պեսկովը: