Բաժիններ՝

«Գյումրիի ողբերգությունը պատահականություն չէր, այն ձեռնտու էր որոշ շրջանակների». Սկակովն արտաքին ուժերի միջամտություն է տեսնում

«Գյումրիի ողբերգությունը պատահականություն չէր, այն ձեռնտու էր որոշ շրջանակների»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրություններին և Ռուսաստանի կողմից դրանց մեղմման անհրաժեշտությանը:

Նա նշեց, որ հանցագործության իրականացման գլխավոր հարցերը մնում են մութ, և դրանցից մեկն այդ հրեշավոր հանցագործության դրդապատճառն է: Սկակովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանցագործությունը տեղի ունեցավ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից անմիջապես հետո: «Ես տպավորություն ունեմ, որ այս ողբերգությունն ամենևին էլ պատահականություն չէր, այլ հստակ նպատակ ունեցող գործողություն, որը հայ-ռուսական հարաբերությունները դնում է հարվածի տակ: Կան շատերը, որոնք այս հարցում հետաքրքրված են ու այս միջադեպը կօգտագործեն հենց այդ նպատակներով և սեպ կխրեն հայ-ռուսական հարաբերություններում: Ես կարծում եմ, որ այս հարցում հետաքրքրված կողմերը և՛ Հայաստանում են, և՛ Հայաստանից դուրս` Ադրբեջանում կամ մեկ այլ տեղում: Ուստի ես մտածում եմ, որ այստեղ պատահականությունը չէ գլխավորը»,- մեկնաբանեց Սկակովը:

Վերջինիս գնահատմամբ` ՌԴ պաշտոնական կեցվածքն ու հայտարարությունները տեղի ունեցողի վերաբերյալ բավականին իներտ են: Թեև, նրա խոսքով, պետք է հասկանալ, որ կա նաև իրավական երկիմաստություն: «Ի՞նչ անել դրա հետ: Պետք է կողմերն ամեն ինչ անեն գործն այս իրավական փակուղուց դուրս բերելու համար: Բարոյականության սկզբունքներից ելնելով՝  գտնում եմ, որ հանցագործը պետք է դատապարտվի և պատիժը կրի Հայաստանում, և ռուս իրավապահ համակարգը պետք է աջակցի այդ նպատակով:  Մեղմ ասած, տեղի ունեցածը ձեռնտու չէ Ռուսաստանի համար: Իմ կարծիքով` ցանկության դեպքում դժվար չէ մոլագար կամ խելագար գտնելն ու նման հանցագործության ուղղորդելը»,- նման կարծիք հայտնեց Սկակովը: Ռուսաստանը, նրա համոզմամբ, պետք է հարգելով իրավական նորմերը՝ ամեն ինչ անի, որպեսզի հանցագործը պատժվի Հայաստանում, որի արդյունքում էլ հակառուսական տրամադրությունները կմարեն:

Հիշեցնենք, որ երեկ մինչև ուշ գիշեր Գյումրիում շարունակվել են բախումները Ոստիկանության և գյումրեցիների միջև, որոնց գլխավոր պահանջը ռուսական կողմից Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելն էր: Ուշ գիշերին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ակտիվիստներից մեկը ՀՀ գլխավոր դատախազ  Գևորգ Կոստանյանի միջնորդությամբ կարողանում են մտնել 102-րդ ռազմաբազա և համոզվել, որ Պերմյակովը Հայաստանում է: Այս պահին իրավիճակը Գյումրիում համեմատաբար խաղաղ է, թեև գյումրեցիների գլխավոր պահանջը դեռ չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս