«Վրեժի զգացումը մեծ է, բայց պետք է ողջախոհ լինել». Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության թեմայով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում՝ «Ռոսիա» ՀԿ նախագահ Յուրի Յակովենկոյի: Սակայն Յ.Յակովենկոն, թեև նախապես համաձայնել էր, չէր եկել լրագրողների հետ հանդիպմանը՝ պատճառ բերելով առողջական ինչ-որ խնդիրներ:
Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը ցավակցեց հայ ընտանիքի սպանդի կապակցությամբ: Ըստ Ի.Գասպարյանի, հանցագործը կդատապարտվի ու կպատժվի, բայց պետք է զգույշ լինել. «Վրեժի զգացումը մեծ է, բայց պետք է ողջախոհ լինել, ընթանում է հետաքննություն, և ճիշտ կլինի սպասել դրա արդյունքներին: Ոչ մի խելամիտ մարդ չէր կարող սթափ վիճակում նման բան անել: Գուցե այստեղ պրովոկացիա կա: Կարևոր է, որ Հայաստանում անկարգություններ թույլ չտրվեն»:
Ի. Գասպարյանի կարծիքով՝ հնարավոր է, որ հանցագործության մեղավոր ոչ մեկը լինի, այլ էլի մեղավորներ լինեն և դրա համար հարկավոր է սպասել հետաքննության ավարտին: Նշելով, որ կովկասցիները, այդ թվում՝ հայերը, տաքարյուն են, Ի. Գասպարյանը կոչ արեց զսպվածության: Նրա խոսքով՝ անգամ շատ դժվարին պայմաններում հարցը պետք է իրավական ճանապարհով լուծվի:
«Մեզ երկրորդ Ուկրաինա պետք չէ: Պետք է ուշադիր հետևել իրադարձություններին, բայց զուսպ լինել բոլոր արտահայտություններում»,- ասաց նա: