Բաժիններ՝

Քրեագետ. «Հիմա Վալերի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում, բայց նրան ամեն րոպե կարող են Մոսկվա տանել»

Գյումրիում կատարված նախճիրում քրեագետ Սերգեյ Գալոյանի համար բավականին մութ հարցեր կան մինչև հիմա: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդ մութ հարցերը, իհարկե, հետո կճշտվեն, բայց, ըստ նրա՝ դրանք կլինեն հօգուտ այդ «տականքի», որը Գյումրիում 7-հոգանոց ընտանիքից 6 անդամների սպանության, և 6-ամսական փոքրիկին դանակով վնասներ հասցնելու հիմնական կասկածյալն է:

Քրեագետի համար այդ ողբերգական դեպքի ամբողջ ընթացքը աբսուրդի է նման և նա չի կարողանում հավատալ, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ներկայացվում է.

«Սա այնքան աբսուրդ է, այնքան սուտ է, որ մանկահասակ երեխան չի կարող հավատալ: Վաղն ի՞նչ պետք է սարքեք, որ ես հավատամ, որ իսկապես այս «չիկատիլոն» ստիպված է եղել գնդակահարել 6 մարդու: Ոչ մի պատճառ չի կարող լինել»:

Ս. Գալոյանը նկատեց, որ բոլոր կադրերը ցույց տվեցին, որ Գյումրիում այժմ սարսափելի վիճակ է, մարդիկ չեն ուզում տնից դուրս գալ, սարսափի մեջ է այդ քաղաքը. «Բա մտածեք, բռնել, բերել եք՝ ի՞նչ եք անելու: Այստեղ եկավ ՌԴ բանակի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, և հանկարծ այդ տղան մտավ ռուսական իրավազորության տակ: Պարզվեց, որ նա ՌԴ քաղաքացի է, և նրան Հայաստանի իշխանություններին չեն հանձնի»:

Կարդացեք նաև

Քրեագետը հիշեցրեց, որ երբ հայ Հրաչ Հարությունյանը Ռուսաստանում, «սովորական մի վարորդ տղա լինելով», պատահական ձևով վթարի ենթարկվեց և զոհվեցին մարդիկ, անմիջապես նրան տարան «այդ խայտառակությունն արեցին, նսեմացրին այդ մարդուն և դատեցին իրենց երկրի օրենքներով». «Դատելը ճիշտ էր, իրենց երկրում է կատարվել, բա սա՞ որտեղ է կատարվել»:

Դիտարկմանը՝ ասում են՝ զինվորականների կարգավիճակը մի քիչ այլ է, քրեագետն այսպես արձագանքեց.

«Ոչ մի դեպքում նման բան գոյություն չունի: Եթե զինվորական է… Իսկ եթե զինվորական չէ՞: Ես ի՞նչ իմանամ՝ զինվորակա՞ն է, թե՞ ոչ: Այսօր թերթերում անգամ կարդացի, որ նա Ադրբեջանի լրտես էր: Ես դրան չեմ հավատում, բայց ամեն մեկն իր կարծիքն արդեն հայտնում է»:

Ս. Գալոյանը նշեց, որ թեև հիմա Վալերի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում, բայց նրան ամեն րոպե կարող են Մոսկվա տանել և սկսել այնտեղ հետաքննություն վարել. «Հանցագործությունը կատարվել է այստեղ, ինչի՞ մասին է խոսքը»:

Անդրադառնալով իրավապահ մարմինների կողմից այս դեպքի հետ հնչեցրած իրարամերժ հայտարարություններին՝ Ս. Գալոյանը նշեց, որ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հայտարարությունն իր համար հասկանալի էր, որ հավանաբար կասկածյալը կհանձնվի հայկական կողմին. «Դրանից հետո եղավ Դատախազի հայատարարությունը, որ այդ հարցը չի քննվել, բա ինչո՞ւ չի քննվել: Դուք վախեցե՞լ եք նրանց հետ քննել այդ հարցը, թե՞ քննել եք, և ի՞նչ պատճառով այդ հարցը չի լուծվել: Պարտավոր եք, նա պետք է դատվեր այստեղ: Սպանությունները այստեղ են կատարվել: Դրա համար ավելի խելոք գտվեցին այն մարդիկ, ովքեր չխոսեցին այս օրերին»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս