
Կալանք է դրվել «Յանուկովիչի ընտանիքի» 4 միլիարդ դոլար կազմող դրամական ակտիվների վրա. Ավակով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մոտավոր տվյալներ է հրապարակել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա «Ընտանիքի» ակտիվների մասին, որոնց վրա կալանք է դրվել:
Ավակովը հայտնել է, որ Ուկրաինայում ու արտասահմանում կալանքի տակ է դրվել Յանուկովիչի ու նրա մերձակա շրջապատի 4 միլիարդ դոլարի դրամական ակտիվ: Ավակովն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:
Նա մանրամասնել է, որ կալանքի տակ դրված այդ գումարից 2 միլիարդ դոլարը բաժին է ընկնում արտասահմանում, իսկ 1.8 միլիարդ դոլարը և 6 միլիարդ գրիվնան՝ երկրի ներսում:
Ավակովն ընդգծել է, որ կալանքի տակ են դրվել նաև տարբեր ընկերություններում նրանց մասնաբաժինները (արժեթղթեր և այլն) ու նրանց պատկանող անշարժ գույքը: Ավակովի խոսքերով՝ այդ գումարն ավելին է, քան՝ ՊՆ-ի, ՆԳՆ-ի ու Ազգային գվարդիայի տարեկան համատեղ բյուջեն: