
Բեռնափոխադրումների դադարը, նրա խոսքով, պայմանավորված է Վերին Լարսի փակ լինելու հանգամանքով

Հայաստանն այս տարվա հունվարի 2-ից դե յուրե Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ի՞նչ է փոխվել ՀՀ տնտեսվարողների համար, ի՞նչ կերպ են իրականացվում բեռնափոխադրումները: 168.am-ի այս հարցերին ի պատասխան՝ Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը նշեց, որ այս պահի դրությամբ ոչ մի բեռնափոխադրում չի իրականացվում, բայց իրավական առումով խանգարող որևէ հանգամանք չկա: Իսկ բեռնափոխադրումների դադարը, նրա խոսքով, պայմանավորված է Վերին Լարսի փակ լինելու հանգամանքով:
«Եղանակային պատճառներով հունվարի 1-ից ճանապարհը փակ է, փոխադրումներ այսպես թե այնպես չեն իրականացվում: Ամեն դեպքում, վրացական տարածքում, ըստ նոր կանոնակարգի, պետք է նախկինի պես տարանցիկ դեկլարացիա լրացվի, որը գործում է մինչև Վերին Լարս: Բայց քանի որ այս պահին Վերին Լարսը փակ է, ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց Մ.Առաքելյանը:
Նա նշեց, որ անցած տարի հայ-ռուս-վրացական հանդիպումների ժամանակ վրացական կողմն ասել է, որ խնդիր չկա փոխադրումների առումով, սակայն նախկինի պես պետք է բոլոր փաստաթղթերը ստուգեն՝ հաշիվ ապրանքագրեր, փաթեթավորման փաստաթղթեր, սերտիֆիկատներ և այն, այսինքն՝ Վրաստանի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել: