Արման Մելիքյանը՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի և Վլադիմիր Պուտինի հրամանագրի մասին
Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի, ինչպես նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օտարերկրյա զինծառայողներին վերաբերող հրամանագրի մասին 168.am-ը զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
– Պարոն Մելիքյան, տարվա սկզբից հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է, հայկական կողմն արդեն ունի 5 զոհ: Դուք ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը:
– Այդ լարվածությունն առնվազն պահպանվում է դեռևս անցյալ տարվա օգոստոսից: Իսկ այն, որ հատկապես Նոր Տարվա ու Սուրբ ծննդյան տոների միջակայքում հակառակորդն առավել ակտիվ է եղել, ապա դա գուցե պայմանավորված է եղել նաև ակնկալիքով, որ այդ տոնական ժամանակահատվածում հայկական դիրքապահների զգոնությունը կարող է նվազած լինել:
– Հայաստանը հունվարից արդեն ԵՏՄ-ի անդամ է: Ի՞նչ նշանակություն ունի այդ հանգամանքը այս լարված իրավիճակի համար:
– Չեմ կարծում, որ իրավիճակի լարված լինելն ուղղակիորեն կապված է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ: Ճակատային գծում լարվածության պահպանումն ու դրա պարբերական թեժացումներն ադրբեջանական քաղաքականության կարևորագույն բաղադրատարրն են հանդիսանում: Բաքուն այդ մոտեցումը մշակել ու սկսել է կիրառել այն ժամանակներից, երբ ԵՏՄ-ի անունն անգամ դեռ հորինված չէր:
– Շատերը նշում են նաև, որ այս լարված իրավիճակը գուցե պայմանավորված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Ինչքանո՞վ եք հնարավոր համարում սա:
– Ցեղասպանության 100-ամյա տարելիցը խորհրդանշական երևույթ է, որի իրական քաղաքական կշիռն առայժմ անհամեմատ ավելի նվազ է, քան մենք կցանկանայինք: Մեր հակառակորդների հոգեբանական հակվածությունը ցեղասպան գործողությունների հանդեպ խորը արմատներ ունի և կարող է դրսևորվել ամեն մի հարմար առիթով, սակայն տրամաբանական չէ, երբ խոսվում է այն մասին, որ հենց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու համար են նրանք դիմում նոր բռնությունների:
– Երեկ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ասել էր, որ օգոստոսյան և ուղղաթիռի խոցման դեպքերից հետո՝ «հակառակորդին բազմապատիկ պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի և ժողովրդի արժանապատվությունը»: Ըստ Ձեզ՝ արդյոք բազմապատիկ կամ համարժե՞ք էր հայկական կողմի պատասխանը այդ դեպքերից հետո:
– Երկուստեք կորուստների իրական հաշվեկշիռը պարզելուն միտված հաշվարկների մեջ չեմ ուզում խորանալ՝ մեր բանակն իր գործն անում է ու լավ է անում: Սակայն բանն այն է, որ ճակատային գծում ունեցած մեր զոհերը Բաքվի վարած քաղաքականության զոհերն են իրականում և հայկական բանակի պատժիչ գործողություններն էլ ունակ չեն կասեցնել այդ քաղաքականության գործնական կիրառումը: Մեզ այնպիսի քաղաքական ու դիվանագիտական նոր մոտեցումներ է անհրաժեշտ մշակել ու գործարկել, որ Բաքուն ստիպված լինի դադարեցնել սադրանքները ճակատային գծում: Ես դրա հնարավորությունը տեսնում եմ:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 2-ին հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիները կարող են պայամանագրային զինծառայության անցնել ՌԴ զինված ուժերում: Պայմանագրային զինծառայողի ամսական աշխատավարձը 30 հազար ռուբլի է, իսկ հեռանկարում սա նաև հնարավորություն է՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ մեր ժողովրդի և բանակի համար:
– ՌԴ նախագահի նշված հրամանագիրն ուշագրավ է շատ առումներով ու կարող է նաև որոշ մտահոգություններ առաջացնել այն տեսանկյունից, որ մեր երիտասարդները Հայաստանում ապրուստի միջոցներ վաստակելու հույսը կտրած՝ հայկական բանակից զորացրվելուց հետո փորձեն գոնե ռուսական բանակում պայմանագրային ծառայության անցնելով լուծել հանապազօրյա հացի խնդիրը: Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ հրամանագրի ընդհանուր համատեքստն ավելի ընդգրկուն է՝ այս միջոցով Ռուսաստանը հնարավորություն կստանա ստեղծել օտարերկրացիներից կազմված անգամ հատուկ ազգային վարձկան ստորաբաժանումներ, որոնք հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել իրենց իսկ երկրներում:
Պատերազմներ վարելու ժամանակակից մեթոդաբանությունը հենց այսպիսի մոտեցում է ենթադրում՝ անմիջական ճակատային բախումից խուսափելու և սեփական զինուժը խնայելու նպատակով գերտերությունները միմյանց դեմ երրորդ երկրների տարածքում պայքարում են տեղացիների ուժերով: Ռուսաստանի համար ավելի էժան կլինի այս ձևը, քանի որ, հակառակ պարագայում, ստիպված է լինելու շատ ավելի մեծ գումարներ վատնել տեղերում իրեն հնազանդ ու վստահելի զինված խմբավորումներ ստեղծելու վրա: Կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի, առհասարակ՝ Ասիայի, Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի չքավոր երկրներից շատերի բնակիչների համար վարձկան դառնալու դիմաց ամսական երեսուն հազար ռուբլի գումարն իրոք շատ գայթակղիչ կարող է լինել: Դրան հակառակ, ինձ չի թվում, որ հայ երիտասարդները սեփական ապրուստն ապահովելու նպատակով զանգվածաբար դիմեն ռուսական բանակում պայմանագրային զինծառայություն անցնելու միջոցին:
Ի դեպ, բացառապես օտարերկրացիներով համալրված ռազմական ստորաբաժանումներ շատ վաղուց կան, օրինակ, Ֆրանսիայում (Արտասահմանյան լեգիոնը) ու Մեծ Բրիտանիայում (գուրկխերից կազմված հատուկ ստորաբաժանումը):
Հավանաբար այս հրամանագրի ստորագրման անհրաժեշտությունը թելադրված է եղել հատկապես ուկրաինական ճգնաժամի հանգամանքներով, սակայն, եթե նկատի ունենանք, որ աշխարհը թևակոխել է անորոշության, բռնությունների ու զինված հակամարտությունների տևական մի ժամանակաշրջան, ապա դրա կիրառումը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում Կրեմլի համար:
– Ըստ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ ռուսական բանակում հայ երիտասարդները կարող են ձեռք բերել փորձ, հմտություն, որը հետագայում պետք կգա Հայաստանին: Դուք համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
– Մենք պետք է հստակ հասկանանք, որ այդ կարգի պայմանագրային զինվորական ծառայությունը բացառապես ենթարկեցված է Ռուսաստանի ռազմավարական ու մարտավարական շահերին ծառայեցնելու հրամայականին և այն ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես հայկական բանակի կարիքների համար անհրաժեշտ որակավորում ու գիտելիքներ ձեռք բերելու անվճար հնարավորություն: Օտար երկրի բանակում վճարի դիմաց ծառայություն անցնողներին սովորաբար վարձկան են կոչում և այդպես է եղել հնագույն ժամանակներից: