
Ինչու է Վերին Լարսի ճանապարհը շարունակում փակ մնալ

Վերին Լարսի ճանապարհն արդեն 2 շաբաթ է՝ փակ է: 168.am-ի հետ զրույցում Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը հայտնեց, թե՝ բացի այն, որ ճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է, նաև վտանգը մեծ է, որ սարերից ձյան հոսք տեղի կունենա:
«Ձնահոսքի վտանգ կա, դրա համար դեռ չեն թողնում մեքենաներն անցնեն»,- ասաց նա:
Հարցին, թե վրացական կողմը նախկինում խոսում էր այլընտրանքային լուծում գտնելու մասին, արծարծվում էր թունել կառուցելու հարցը, այժմ ի՞նչ լուծում է հնարավոր, որպեսզի Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ից բեռնափոխադրումները կաթվածահար չլինեն, Մ.Առաքելյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ ծրագրեր չկան.
«Վրացիներն այլընտրանք ունեն, Ադրբեջանով են դուրս գալիս Ռուսաստան: Հիմա Լարսը ոչ միայն ՀՀ-ի համար է գործում, այլև Վրաստանն ու Թուրքիան են ակտիվ բեռնափոխադրում իրականացնում ՌԴ-ի հետ: Բայց ճանապարհի փակման դեպքում նրանք այլընտրանքային ուղի ունեն, որն ավելի երկար է, մոտ 800 կմ ավել են քշում Ռուսաստան հասնելու համար, բայց Ադրբեջանով անցնում են, ամեն դպքում չեն կանգնում»: