«Հավաքվենք, պահանջենք, որ փոխենք… Ի՞նչ փոխենք. դու քանի դա չես ասել, իշխանության քո գալը շատ վտանգավոր է». Ա. Ռուստամյանը՝ ընդդիմությանը

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե այն, որ ՀՅԴ անդամ Արա Նռանյանը նշանակվեց ԵՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ, կարելի՞ է ասել, որ Դաշնակցությունը պատրաստվում է կամ արդեն իսկ վերադառնում է իշխանության, կամ գուցե մտադիր է կոալիցիա կազմել իշխանության հետ: Ա. Ռուստամյանը նախ՝ նկատեց, որ չկա այնպիսի քաղաքական ուժ, որ չի ուզում դառնալ իշխանություն, և դա քաղաքական ուժի կարգավիճակն է.

«Կուսակցությունը ստեղծվում է նրա համար, որ գա իշխանության և իրականացնի իր ծրագրերը: Մենք այդ իշխանության ներսն էլ ենք եղել, դուրսն էլ ենք եղել, մենք իշխանության գալու ինքնանպատակ խնդիր երբեք չենք ունեցել: Չի կարող Դաշնակցությունը լինել մի իշխանության մեջ, որի հետ իր պատկերացումները չեն համապատասխանում: Դրա համար մենք դուրս ենք եկել կոալիցիայից, եղել ենք այն ժամանակ, երբ ինչ-որ չափով համապատասխանություն ենք գտել, հիմա նույնն է: Այսօր էլ դժվար չէ, եթե մենք ուզենանք կոալիցիայի մեջ մտնենք, կամ ինչո՞ւ դուրս եկանք, հարցը դա չէ: Մենք հասկանում ենք, որ երկրում կան լուրջ խնդիրներ, իսկապես կուտակված են շատ լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Եթե մենք ունենանք այնպիսի մի կարգավիճակ, որ այս հայեցակարգն իրականացնելու առանց խոչընդոտ հնարավորություն ունենանք, վաղն էլ այդ հնարավորությունը կօգտագործենք, որովհետև դրանից շահելու է ժողովուրդը, որովհետև, եթե վաղն այս ամեն ինչը կյանքի կոչվեց, շատ արագ Հայաստանում կտեսնեք որակական փոփոխություններ»:

Հարցին՝ իսկ եթե ձախողվեցի՞ն բանակցությունները սահմանադրական փոփոխությունների Ձեր հայեցակարգի հետ կապված, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ այդ դեպքում՝ գնալով երկիրն էլ է գահավիժելու.

«Ես չեմ տեսնում ուրիշ որևէ ադեկվատ առաջարկ, լուծում՝ այս վիճակից դուրս գալու հետ կապված, որ իշխանությունները ձևակերպել են: Ընդդիմության մոտ էլ ես չեմ տեսնում որոշակիություն՝ այսինքն՝ ի՞նչ, հավաքվենք, պահանջենք, որ փոխենք, ի՞նչ փոխենք: Եթե ես վաղը գամ իշխանության, ի՞նչը պետք է փոխեմ, դու քանի դա չես ասել, իշխանության քո գալը շատ վտանգավոր է, որովհետև ես չգիտեմ՝ դու ինչ կանես»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս