Իսլամիստական տրամադրությունների բևեռացումը՝ վտանգ՝ ոչ միայն հայկական համայնքների, այլև ողջ Եվրոպայի համար. Չետերյան

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ իսլամիստ ծայրահեղականների իրականացրած աննախադեպ ահաբեկչական գործողությունը սրել է և՛ արմատական իսլամիստական, և՛ հակաիսլամիստական տրամադրությունները Եվրոպայում: Որոշ գնահատականների համաձայն` իսլամիստական տրամադրությունների առաջին թիրախը կարող են դառնալ եվրոպական երկրների քրիստոնեական համայնքները:

168.am-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը փորձեց համեմատել տարիներ առաջ` 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքում, և օրեր առաջ՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները: Նրա համոզմամբ` տարիներ առաջ ջիհադիստական շարժումները շատ ավելի մարգինալ բնույթ էին կրում, քան այսօր, երբ նրանք իրենց գործունեությունը ծավալում են շատ ավելի խելացի ու հաշվարկված կերպով:

«2001թ. միայն Աֆղանստանում գոյություն ունեին նման շարժումներ, իսկ հիմա՝ Սիրիայում, Բաղդադում, Եմենում, Սոմալիում, և այլն, և այլն: Այս տրամադրությունները խորացել են Մերձավոր Արևելքում և ավելի սովորական դարձել Եվրոպայում: Եվրոպայում այս տրամադրությունների ներկայիս բևեռացումը լուրջ վտանգ է, սա առաջին հերթին՝ վտանգավոր է Եվրոպա մայրցամաքի և հատկապես այն երկրների համար, որոնք հյուրընկալում են արաբական և իսլամական երկրներից ժամանած համայնքներ: Հայկական համայնքների նկատմամբ առանձնահատուկ սպառնալիք չեմ տեսնում»,- ասաց Չետերյանը:

Նա նաև վստահեցնում է, որ հիմք չունի շրջանառության մեջ դրված այն մտահոգությունը, թե հայկական համայնքների դեմ Թուրքիան կփորձի գործի դնել իր կապերն իսլամական աշխարհի հետ: Նրա խոսքով` Թուրքիան դրանով իսկ կվտանգի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, երբ այդ հարաբերություններն արդեն իսկ շատ լարված են: «Մեծ հարցականի տակ կդրվի Թուրքիայի եվրոպական ապագան: Թուրքիան նման քայլերի մեջ շահ չի տեսնի: Եվրոպայում, իհարկե, այս առնչությամբ կան լուրջ խնդիրներ, և դրանց արծարծումը չպետք է քողարկվի, իսլամական ծագում ունեցող համայնքներն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ, բայց այսօր այդ խնդիրները չեն լուծվում և խորանում են, ինչն էլ հանգեցնում է նման տրամադրությունների»,- ասաց Չետերյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Սիրիայի ու Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» խմբավորումը: «Սուրիա ալ-Էն» գործակալությունը հայտնել էր, որ ԻՊ-ի իմամների խորհրդի ղեկավար շեյխ Աբու ալ-Անսարին Մոսուլի մզկիթներից մեկում իրականացվող ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել էր, որ Ֆրանսիայում իրականացված գործողությունները միջազգային կոալիցիայի երկրներին հասցեագրված հաղորդագրություն է: Մասնավորապես՝ նա ասել էր, որ Ֆրանսիայից հետո նմանատիպ գործողություններ կիրականացվեն Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում, ու ավելացրել, որ ֆրանսիայի ահաբեկչությունը պատասխանն է այն հարձակումներին, որոնց պատճառով սպանվում են տասնյակ մոջահեդներ:

Տեսանյութեր

Լրահոս