Վստահ եմ, որ մեկ բարել նավթի գինն այլևս չի հասնի 100 դոլարի. սաուդցի արքայազն
USA Today-ին տված հարցազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, սաուդցի գործարար Ալ-Վալիդ իբն Թալալը հայտարարել է, որ նավթի գները, հազիվ թե, վերստին հասնեն մինչև 100 դոլարի՝ մեկ բարելի համար.
«Եթե առաջարկը կմնա նույն մակարդակի վրա և պահանաջարկը լինի ոչ մեծ, ապա պետք է սպասել նավթի հետագա գնանկում: Սակայն եթե շուկան զրկվի առաջարկի մի մասից, իսկ սպառումն ավելանա որոշակիորեն, ապա գները կարող են աճել: Սակայն ես վստահ եմ, որ մենք այլևս երբեք չենք տեսնի մեկ բարել նավթի համար 100 դոլարի գին»:
Թալալն ընդգծել է, որ իր երկիրը, որը համաշխարհային շուկայում նավթի խոշորագույն մատակարարն է, ճիշտ է վարվում, որ չի նվազեցնում նավթի արդյունահանման ծավալը. «Եթե Սաուդյան Արաբիան 1-2 միլիոն բարելով նվազեցնի արդյունահանումը, ապա այդ 1-2 միլիոն բարելը կմատակարարեն մյուս երկրները: Դա արդեն երկու խնդիր կառաջացնի նրա համար. ավելի քիչ քանակությամբ նավթ ու առավել ցածր գին»:
Այսօր առավոտյան Brent տիպի մեկ բարել նավթի գինը լոնդոնյան ICE Futures ֆոնդային բորսայում նվազել է մինչև 49.29 դոլարի: