
Նավթի գնանկման պատճառով Ադրբեջանում հարկադիր ու չվճարովի արձակուրդի են ուղարկում նավթագործներին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ նավթի գնանկումը բացասաբար է ազդել նաև Global Energy Azerbaijan Group (GEA) ընկերության վրա: Այդ ընկերության 100 նավթագործի ուղարկել են հարկադիր արձակուրդի: Այս մասին հայտարարել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Միրվարի Գահրամանլըն:
Նրա խոսքերով՝ հունվարին հարկադիր, չվճարովի արձակուրդ է ուղարկվել Նավթաչալայի օպերացիոն խմբի 100 նավթագործ, իսկ փետրվարին արձակուրդ կուղարկվի նավթագործների ևս մեկ խումբ, որոնց թիվը դեռ հստակ չէ:
Գահրամանլըի հատուկ մտահոգությունը հարուցում է այն, որ արձակուրդ են ուղարկում նաև այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը կազմում է ընդամենը 200-250 մանաթ (մեկ մանաթը մոտավոր հավասար է 1 եվրոյի):
Global Energy Azerbaijan Group-ը համարվում է Ադրբեջանում ցամաքում նավթի արդյունահանմամբ զբաղվող խոշորագույն օտար ընկերությունը: Լրատվամիջոցն ընդգծում է, որ օրեր առաջ էլ հաղորդվել էր, թե աշխատակիցների զանգվածային կրճատում է սկսվել Bahar Energy նավթային ընկերությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ նավթի համաշխարհային գնանկումը որևէ կերպ չի ազդի Ադրբեջանի վրա: