Բաժիններ՝

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը նախորդ տարի ստացել են ռեկորդային թվով ինքնաթիռներ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականը ռեկորդային է դարձել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի համար ավիատեխնիկա գնելու հարցում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է տարբեր տիպի 108 ինքնաթիռ, որոնցից 81-ը մարտական են, 20-ը՝ ուսումնական, իսկ 7-ը՝ հատուկ նշանակության ու տրանսպորտային ինքնաթիռներ:

Մասնավորապես, մարտական ինքնաթիռների թվից ստացվել են Су-35 տիպի 24 կործանիչ, Су-30СМ տիպի 21 կործանիչ, Су-30М2 տիպի 8 կործանիչ, Су-34 տիպի 18 ճակատային ռմբակոծիչ, МиГ-29К/КУБ 10 ծովային ավիացիայի կործանիչ:

Բացի այդ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ստացել են 20 հատ Як-130 ուսումնա-մարտական ինքնաթիռ, Ту-214ОН «Открытое небо» տիպի դիտարկման մեկ ինքնաթիռ, Ан-148-100 տիպի 4 մարդատար օդանավ և Ан-140-100 տիպի ուղևորա-բեռնատար երկու ինքնաթիռ:

Մասնագետներն ընդգծում են, որ 2014 թվականին նոր ավիատեխնիկա գնելու ծավալով Ռուսաստանի ռազմաօդային ուժերն առաջին տեղն են զբաղեցրել աշխարհում: Մատակարարման այդ տեմպերը կպահպանվեն նաև 2015 թվականին:

Ռազմաօդային ուժերը 2011-2020 թվականների սպառազինման պետական ծրագրի շրջանակներում պետք է ստանան ավելի քան 600 նոր մարտական ինքնաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս