
Եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, ապա Եվրոպայում չէր լինի իսլամատյացություն. Դավութօղլու

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով Փարիզի ահաբեկչությունները, անդրադարձել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին.
«Եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, ապա Եվրոպայում չէր լինի միջկրոնական ատելություն: Ներկայումս Եվրոպայում տեղի ունեցող դեպքերը, այդ թվում նաև իսլամատյացության աճը, չի հանգեցնի որևէ լավ բանի»:
Դավութօղլուն ափսոսանք է հայտնել, որ վերջին շրջանում քաղաքական մի շարք շրջանակներ օգուտներ են քաղում Եվրոպայում տեղի ունեցող դեպքերից, այդ թվում նաև իսլամատյացության աճից:
Դավութօղլուն Եվրոպային քննադատել է Գազայի դեպքերի ժամանակ լռություն պահպանելու մեջ՝ ուշադրություն հրավիրելով, որ նույնը տեղի չի ունեցել Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի ահաբեկչական հարձակումների ժամանակ:
Դավութօղլուն Փարիզում մասնակցել է Միասնության երթին, որին ընդհանուր առմամբ մասնակցել է երեք միլիոն մարդ: