Ադրբեջանի ԱԳՆ-ը չի հավատում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուն
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Բաքուն այսուհետ նույնպես հերքելու է մարդու իրավունքների ոլորտում խախտումների վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
Նրա խոսքերով` Ադրբեջանի իշխանություններն անհրաժեշտ են համարում ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա երկկողմ հարաբերությունները զարգացնելը: Գաջիևը նկատել է, որ 2014 թվականին երկկողմ հարաբերություններում գրանցվել են մի շարք անցանկալի պահեր` կապված մարդու իրավունքների ոլորտում խախտումներ գործելու մասին մեղադրանքների հետ:
Գաջիևը հայտարարել է, որ Վաշինգտոնը մի շարք դեպքերում «առանց լուրջ հիմքերի հանդես է եկել միակողմանի հայտարարություններով»: Գաջիևը, սակայն չի պատասխանել այն հարցին, թե ինչ է անելու պաշտոնական Բաքուն, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի նրա նկատմամբ: Փոխարենը նա նշել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ը կգնա այդ քայլին: