
2014 թվականին Ուկրաինան գրեթե կրկնակի նվազեցրել է ռուսական գազի ներկրման ծավալը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան 2014 թվականին 1.7 անգամ նվազեցրել է ռուսական գազի ներկրումը: Նախորդ տարի Ուկրաինան ներկրել է 14.5 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ: Այս մասին հայտնել է «Ուկրտրանսգազ» գազատրանսպորտային համակարգի օպերատորի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` 2013 թվականին Ուկրաինան ներկրել է 11.3 միլիարդ խորանարդ մետրով ավելի շատ գազ, քան` 2014 թվականին: 2014 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Ուկրաինայի ողջ ներկրած գազի 36.2 տոկոսը:
2014 թվականին Ուկրաինան Եվրոպայից ներկրել է 5.1 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 59 տոկոսով (3 միլիարդ խորանարդ մետր) ավելին է` համեմատած 2013 թվականի հետ:
Եվրոպայից Ուկրաինա բնական գազի ներկրման ծավալների մեծացումը հիմնականում իրականացվել է Սլովակիայի միջոցով` 3.6 միլիարդ խորանարդ մետր: Ուկրաինան նախորդ տարի Լեհաստանից ու Հունգարիայից ներկրել է համապատասխանաբար 0.9 և 0.6 միլիարդ խորանարդ մետրի գազ: