Բաժիններ՝

Ինչպիսի՞ տարի է սպասվում 2015-ին. «Եթե երկրիդ ներսում սաղ նույնն ա, ուզում ես հազար հոգու հետ միացի՝ ոչինչ չի փոխվելու» (տեսանյութ)

2014 թվականը հայ ժողովրդի համար այնքան էլ բարենպաստ տարի չէր: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին մի շարք քաղաքացիներ, որոնք այնքան էլ վստահ չեն, որ 2015-ը լինելու է ավելի լավը: Մեր զրուցակիցների մեծ մասը հիմնականում բացասական էր արտահայտվում 2014 թվականի մասին՝ նշելով, որ տարին հատկապես տնտեսական առումով բարենպաստ չէր՝ «դոլարի տատանումներ, ռուբլու և դրամի արժեզրկում, աշխատատեղերի պակաս, գնաճ», և այլն:

«Մարդկանց կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլև ավելի ու ավելի է վատացել, այս տարին առավելություններ չուներ»,- մեզ հետ զրույցում ասաց մի տղամարդ, որ կարծում է՝ 2015-ը լինելու է 2014-ի կրկնությունը, քանի որ ոչ մի բան չի փոխվել: Դիտարկմանը, որ 2015-ից մենք նոր միության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմի մեջ ենք լինելու, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Աղջիկ ջան, եթե երկրիդ ներսում սաղ նույնն ա, ուզում ես հազար հոգու հետ միացի՝ ոչինչ չի փոխվելու»:

«Իշխանությունները լուրջ չեն մտածում, որ ամենակարևորը ժողովուրդն է, այլ մտածում են՝ ով գնա վերև, ով նստի այս աթոռին: Չէի ասի, որ լավ տարի էր, և կանխատեսելով՝ նույնն էլ կլինի 2015 թվականին, որովհետև մի օրում չեն փոխվում այդ մարդիկ, ովքեր իշխանության են: Նրանց ամենակարևոր մտածմունքը պետք է լինի՝ ոնց է ապրում հասարակ ժողովուրդը: Թող դրանք խելոքանան, թող հասկանան, որ նրանց ապագան կախված է մեզնից՝ ժողովրդից»- ասաց մի տարեց կին:

Մեզ հանդիպած մարդկանց մեջ կային նաև լավատեսներ, ովքեր հույս ունեին, որ 2015-ին ամեն ինչ շատ լավ է լինելու. «Էն ա արդեն, ոնց որ կարգավորվում է ամեն ինչ, ես հավատում եմ, որ 2015-ին  ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց մի երիտասարդ: «Կամաց-կամաց պետք է լավ լինի, 2014-ն այնքան էլ լավը չէր, ճիշտն ասած, բայց 2015-ը, հուսով ենք՝ լավ կլինի»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս