Բաժիններ՝

Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի համար միջազգային տնտեսական օգնության հարցը:

Կողմերը համաձայնվել են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր ծրագրի շուտափույթ համաձայնեցումը կօգնի կարգավորել Ուկրաինայում առկա տնտեսական իրավիճակը, ինչպես նաև կնպաստի միջազգային այլ դոնորներից օգնության ստացմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են նաև Դոնբասում տիրող իրավիճակը: Պորոշենկոն հայտնել է 150 ուկրաինացի պատանդի ազատ արձակման մասին, որոնց ներկայումս ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:

Պորոշենկոն վստահեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը` մյուս ուկրաինացիներին ազատ արձակելու համար, որոնք շարունակում են մնալ գերության մեջ: Պորոշենկոն հավելել է, որ ուկրաինական հումանիտար օգնության առաջին մասը հաջողությամբ հասել է Դոնբաս:

Պորոշենկոն ու Մերկելն ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորման համար բոլոր կողմերը պետք է կատարեն Մինսկյան պայմանավորվածությունների բոլոր կետերը և առաջին հերթին փակեն սահմանն ու դուրս բերեն զորքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս