Բաժիններ՝

Սաակաշվիլին մեր երկրի ու ժողովրդի թշնամին է. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօրվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն անվանել է վրաց ժողովրդի թշնամի, ով վրացի զինվորականներին կոչ է արել հրաժարվել իրենց երկրի զինված ուժերից ու մեկնել Ուկրաինա.

«Այն, որ անձամբ նախկին նախագահ Սաակաշվիլին, ով մեղադրվում է բազմաթիվ հանցանքներում, ու նրա թիմի անդամները բանակցությունների կամ անձնական զրույցների ժամանակ վրացի զինվորականներին կոչ են արել հրաժարվել Վրաստանի զինված ուժերից ու մեկնել Ուկրաինա, որովհետև այնտեղ աշխատավարձը բարձր է, հանդիսանում է ուղիղ դավաճանություն ու դավաճանության կոչ:

Նման կոչերն անթույլատրելի են: Սաակաշվիլին մեր երկրի ու ժողովրդի թշնամին է: Այն, ինչ անում է նախկին գլխավոր հրամանատարը, ամոթալի է ու մեր երկրի ու ժողովրդի հանդեպ դավաճանություն:

Սաակաշվիլու միակ առաջադրանքն այն է, որ Վրաստանում տեղի ունենա հակամարտություն, անկարգություններ, և Վրաստանը վերստին զինված դիմակայության մեջ մտնի Ռուսաստանի հետ: Հենց դա թշնամություն է»:

Գարիբաշվիլին Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն անվանել է ապակառուցողական ուժ, որի գործողություններն ուղղված են Վրաստանում անկարգությունների առաջացմանը:

Գարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ բոլոր հայցերի դիտարկումը, որոնք ստացվել են վերջին երկու տարվա ընթացքում:

Գարիբաշվիլին խոստացել է, որ Վրաստանի կառավարությունը մինչև հաջորդ տարվա փետրվար կներկայացնի արդարության վերականգնման գործընթացի ավարտման գործողությունների պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս