«Գոռ Առաքելյանին չեմ ճանաչում: Գտնում եմ, որ պատահական գնդակ է ինձ կպել». Վերնիսաժի գործով տուժող
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 17-ին, Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօր ցուցմունք տվեցին տուժողները:
Տուժող Մյասնիկ Հայրապետյանը դատարանում ասաց, որ ամբաստանյալներին, տուժողներին չի ճանաչում: Նա ասաց, որ դեպքի օրը՝ 13:30-ի սահմաններում գտնվել է Վերնիսաժի տոնավաճառում: «Մոտակայքում նկատեցի, որ մարդիկ են հավաքվում. փորձել եմ մոտենալ՝ տեսնեմ, թե ինչ է կատարվում: Այդ ընթացքում կրակոցի ձայներ եմ լսել: Քանի որ գտնվում էի այդ շենքի շքամուտքի մոտակայքում, մտել եմ շքամուտք, որպեսզի խուսափեմ այդ իրարանցումից: Մի քանի վայրկյան անց կրակոցի ձայներ եմ լսել, վիրավորվել, դուրս եմ եկել հայաթ»,- դեպքը ներկայացրեց տուժողը: Նա ասաց, որ չի կարող կոնկրետ ասել, թե քանի կրակոցի ձայն է լսել, վիճաբանության և հայհոյանքի ձայներ չի լսել ծեծկռտուքի ականատես չի եղել, կրակողին էլ չի տեսել:
Պատասխանելով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ տուժողն ասաց, որ իր կարծիքով` ստացած վնասվածքն անզգուշության արդյունք է:
Գործով մյուս տուժող Ալվինա Բադալյանն էլ ասաց, որ աշխատում է Վերնիսաժ տոնավաճառում, դեպքի օրը եղել է իր սեղանիկի մոտ. նորակառույց շենքի մոտ աղմուկ է եղել, բայց չէր լսվում, թե ինչ բառեր էին օգտագործում հավաքավածները. «Ես հանկարծակի լսեցի կրակոց: Իմ կարծիքով՝ երկրորդ կրակոցից հետո երևի զգացի ձախ ոտքիս ներքևի մասում ուժեղ, սուր ցավ»: Տուժողն ասաց, որ հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց: «Գոռ Առաքելյանին չեմ ճանաչում: Գտնում եմ, որ պատահական գնդակ է ինձ կպել, որովհետև անձնապես ոչ ինքն է ինձ ճանաչում, ոչ ես եմ իրեն ճանաչում»,- հավելեց տուժողը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով: Փաստաբանի խոսքով՝ վիրահատությանը նախապատրաստելը հնարավոր է միայն քաղաքացիական հիվանդանոցում: Նա նշեց, որ Վալերիկ Հովհաննիսյանը ծնողները օատրաստ են վճարել գումարի այն չափը, որը նպատակահարմար կհամարի դատարանը: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին: