Ծառուկյանն իրեն հռչակում է ոչ իշխանականների առաջնո՞րդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չի ցանկանում մեկնաբանել մամուլում տեղ գտած այն տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է նախաձեռնում մյուս ուժերի հետ խորհրդակցությունները` ցանկանալով ընդգծել ոչ իշխանական ուժերի մեջ իր առաջատար դերը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական քաղաքական ուժերին, հ/կ-ներին, քաղաքացիական նախաձեռնություններին և շարժումներին հրավիրում է խորհրդաժողովի, որը տեղի կունենա 2015թ․ հունվարի 20-ին:

Անդրադառնալով սրան` «Հայկական Ժամանակ» օրաթերթը «Մենք` Գագիկ Ծառուկյանս» վերնագրով այսօրվա խմբագրականում մասնավորապես  գրել է. «…Այս միջոցառման մասին հայտարարելուց առաջ  նա (Գագիկ Ծառուկյանը,- Ա.Ս.) չի խորհրդակցել եռյակի իր գործընկերների հետ, հարկ չի համարել նրանց մասնակից դարձնել որոշման կայացմանը: Ուղղակի բռնել և հայտարարել է, որ ոչ իշխանական ուժերին հրավիրում, կանչում է իր մոտ: Այս մոտեցումն ինքնին հստակ քաղաքական ուղերձ է պարունակում: Ծառուկյանը սրանով ի ցույց է դնում, որ միանձնյա որոշմամբ կարող է սահմանել ոչ իշխանական ուժերի օրակարգը: Սա նշանակում է, որ ինքն իրեն հռչակում է ոչ իշխանական ուժերի միանձնյա առաջնորդ»:

Տիգրան Ուրխանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Ես հակված չեմ մեկնաբանել այլոց կարծիքներ, որովհետև ես ԲՀԿ խոսնակն եմ և պատրաստ եմ մեկնաբանել ԲՀԿ-ի հետ կապված ցանկացած հարց: ԲՀԿ ղեկավարը մտահոգ է երկրում առկա լրջագույն պրոբլեմներով, ճգնաժամով: ԲՀԿ ղեկավարը մտել է պատասխանատվության և բեռի տակ` լուծելու այդ խնդիրները, համենայն դեպս նպաստելու դրանց լուծմանը: ԲՀԿ ղեկավարն այդ խնդիրների շուրջ և իրավիճակից դուրս գալու ուղիների քննարկման շրջանակներում հրավիրում է մնացած բոլոր մտահոգ և փոփոխություններում շահագրգիռ անձանց»:

Կարդացեք նաև

Եթե հանրահավաքների ժամանակ հասարակությանն ուղերձ է հղվել, որ կուսակցությունները միասնական են և հռչակել են «համաժողովրդական շարժում», այդ դեպքում ինչո՞ւ է մեկ կուսակցության և մեկ անձի անունից այդ հրավերն ուղարկվում, և ինչո՞ւ այդ որոշումը չի կայացվել Եռյակի մյուս ուժերի ղեկավարների հետ համատեղ: Պատասխանելով մեր այս հարցադրմանը` Ուրիխանյանն ասաց`ոչ թե հրավերը մեկ անձի անունից է, այլ մեկ անձն է դա նախաձեռնել, իսկ թե ինչու մյուս կուսակցությունները չեն անում այդպիսի նախաձեռնություններ, նրանց պետք է հարցնել:

«Դա նախաձեռնել է ԲՀԿ ղեկավարը: Վստահ եմ` ՀՀ քաղաքացիներին ոչ թե հետաքրքրում է տարատեսակ միջոցառումների կազմակերպման ձևաչափը, այլ կենսակերպն ապահովելու խնդիրը, Հայաստանում ապրելու հնարավորությունը: Եվ ճգնաժամից դուրս գալու, խնդիրները լուծելու մտահոգության շուրջ է ԲՀԿ առաջնորդը նախաձեռնել այդ խորհրդաժողովը: Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի այդ տեսանկյունից նայեն դրան: Մի՞թե երկրում ճգնաժամի հաղթահարումն այնքան կարևոր հարց չէ, որ մնացած ամենը դառնա երկրորդական»,- նշեց նա:

ԲՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ նշված հաղորդագրությունից բացի` յուրաքանչյուր կուսակցություն, նախաձեռնություն և կազմակերպություն կստանա նաև գրավոր պաշտոնական հրավեր:

Ի դեպ, Ուրիխանյանը չմեկնաբանեց նաև Ծառուկյանի նախաձեռնած հավաքի կապակցությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ասածը:

Կոնգրեսի խոսնակն, ըստ էության, ասել էր, որ ՀԱԿ-ն իրեն հրավիրյալ չի համարում այդ խորհրդաժողովին, որովհետև իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցում են երկկողմ կամ Եռյակի ձևաչափով. «Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն, բացի Եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական  միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ էին պահել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ Եռյակի ձևաչափերով»:

Տեսանյութեր

Լրահոս