Բաժիններ՝

«Գնում էի իմ աշխատանքի վայրը, լսեցի կրակոց, և այդ կրակոցի ընթացքում ես վայր ընկա». ցուցմունք տվեց Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով տուժողը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը: Դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերը, որից հետո գործով երեք ամբաստանյալները՝ Գոռ Առաքելյանը, Ներսես Մելքոնյանը և Վալերիկ Հովհաննիսյանը հրաժարվեցին դիրքորոշում հայտնել մեղադրանքի վերաբերյալ:

Դատարանում այսօր հարցաքննվեց տուժող Մնացական Սուքիասյանը, ով ասաց, որ ամբաստանյալների և մյուս տուժողների հետ հարազատական կապ կամ թշնամություն չունի: Տուժող Մնացական Սուքիասյանը պատմեց, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին գնացել է Վերնիսաժ, որտեղ առքուվաճառքով է զբաղվել: «Ես գնում էի իմ աշխատանքի վայրը, լսեցի կրակոց, և այդ կրակոցի ընթացքում ես վայր ընկա»,- դեպքը նկարագրեց տուժողը: Նա ասաց, որ կրակոցից վիրավորվել էր աջ ոտքը, իրեն օգնություն են ցույց տվել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Մնացական Սուքիասյանն ասաց, որ չի տեսել վիճաբանություն, չի տեսել, թե ով է կրակել: Դատախազի հարցին պատասխանելով՝ տուժողն ասաց, որ լսել է մեկ կրակոց, երկրորդը դիպել է իրեն, իսկ մինչև կրակոցը հայհոյանքներ չի լսել: «Երևի այդ կրակոցի ժամանակ այդ կրակողն անձամբ ինձ վրա չի կրակել, դիտավորյալ ինձ չի կրակել: Ես իմ կարծիքն եմ ասում»,- ասաց տուժողը՝ նշելով, որ իր կարծիքով՝ արձակված փամփուշտը նախ՝ դիպել է մի տեղ, հետո նոր՝ իր ոտքին:

Գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե վնասվածքը ստանալու պահին տուժողը որտեղից ուր է գնալիս եղել, տուժողը պատասխանեց, որ Հանրապետության հրապարակի կողմից քայլել է դեպի Խանջյան փողոցի հատված: Պաշտպանի հարցին՝ արդյոք հիմա՞, թե՞ նախաքննության ընթացքում հարցաքննվելիս է ավելի լավ հիշել դեպքը, Մնացական Սուքիասյանը պատասխանեց. «Դե, ես հիմա պայծառ հիշում եմ այդ դեպքը»:

Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ կան: Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ քայլելով գնացել է դեպի Հանրապետության փողոց և ոչ թե՝ Հրապարակից դեպի Վերնիսաժ: Դատավորը բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ կան նաև հակասություններ՝ կապված տուժողի լսած հայհոյանքների, գոռգոռոցների հետ:

Պաշտպան Երեմ Սարգսյանը հրապարակեց Մնացական Սուքիասյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, որտեղ տուժողը նշել էր, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ին, գտնվել է Վերնիսաժի շուկայում, ապա որոշել է քայլել դեպի Հանրապետության փողոց. մի պահ, երբ անցել է Վարդանանց 18/2 նորակառույց շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մոտ, վիճաբանության ձայներ՝ գոռգոռոցներ և հայհոյանքներ էին լսվում, սակայն ինքը չի տեսել, թե ովքեր են վիճաբանել, շարունակել է քայլել, ապա կրակոցի ձայն է լսել ու զգացել, որ աջ ոտքը վնասվել և արյունահոսում է, ընկել է գետնին, ապա իրեն տեղափոխել են հիվանդանոց: Քննիչի հարցին պատասխանելով՝ տուժողն ասել էր, որ չի տեսել, թե ովքե՞ր են վիճաբանել, չի կարող նշել, թե քանի՞ կրակոց է եղել, չի տեսել, թե ո՞վ է կրակել իր վրա:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցին՝ տուժողն ասաց, որ նախաքննության ժամանակ իր նշած հանգամանքները ճիշտ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս