Աշոտ Մելքոնյան. «Սա ամոթալի մի պատմություն է, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի». (տեսանյութ)
«Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեզ պատիվ չի բերում այս ամեն ինչը: Սա ամոթալի մի պատմություն է, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի»,- այսօր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի՝ իր անվանն առնչվող հայտարարությունների մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Իսկ Մելքոնյան-Դեմոյան հակամարտությունը այսօր չի սկսվել: Այն նախապատմություն ունի. մանրամասները՝ քիչ ուշ:
Հիշեցնենք, որ այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում: ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը սկանդալային մի շարք հայտարարություններ էր արել:
«Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, և Երևանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»:
Ապա թե՝ «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետև ես չեմ կարող հանդուրժել տգիտություն և խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»:
Լրագրողների հարցին, թե Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանը անուն է տվել, որն իր հրապարակման մեջ ներկայացրել է aravot.am-ի լրագրողը.
«Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»,-հայտարարել է Դեմոյանը: Վերջինս Աշոտ Մելքոնյանի քայլը որակել է «լկտի»: Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք ինքը հավատո՞ւմ է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտարարությանը, որ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը համագործակցում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, պատասխանել է.
«Դե լավ էլի՛, ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Մելքոնյանը մեր ամենահայրենասեր մտավորականներից է, նա գրեթե միշտ սահմանի առաջին գծում է, մեր զինվորների հետ, զինվորները նրա անունով են երդվում: Նրա հայրենասիրական հաղորդումներով սերունդներ են դաստիարակվում»: Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Դեմյանը չի կարողանում ներել Մելքոնյանին իր դոկտորական ատենախոսության տապալման համար, չնայած, ըստ ԳԱԱ նախագահի,
«Մելքոնյանը նման մեկնաբանություններից իրեն զերծ պահելու համար հատուկ չի մասնակցել այդ ատենախոսության քննարկմանը»:
Ի դեպ, ասուլիսից հետո, երբ բոլորը քննարկում էին սկանդալային հայտարարությունները, Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում լրագրողի հրապարակման մասին գրել էր.
«Էժան սկանդալ որոնելիս… Մոտ մեկ ժամ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բաց տեքստով հայտարարություններ կատարեցի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները խափանելու և հայկական շրջանակներին իրենց ծրագրերում ներքաշելու վտանգավորության մասին: Խոսեցի նաև իմ ատենախոսությունը տապալելու փորձերի մասին, որոնք որակեցի որպես հանցավոր գործարք ու լկտի գործելաոճ:
Ասուլիսից ավարտից հետո մոտեցա Առավոտ թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին և կատակով ասեցի հետևյալը.
«Հուսով եմ, որ իմ խոսքերը չեք խեղաթյուրի», Ասեց՝ ոչ: Ավաղ… Նյութի վերնագիրն է. Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»: Բացարձակ սուտ և իմ խոսքերի միտումնավոր խողաթյուրում՝ էժան սկանդալ որոնելիս: Սա լրագրություն չէ, այլ … դժվարանում եմ նույնիսկ ասել, թե ինչ գործելաոճ է: Նույն լրագրողական սկանդալային գործելաոճը, որը էլ ավելի է վտանգելու մեզ ցանկացած իրավիճակում: Բարեբախտաբար ասուլիսը հենց այս դեպքերի համար հատուկ տեսագրում ենք և Առավոտի լրագրողին հրավիրում ենք թանգարան՝ վերստին իմ արտաբերած խոսքերն ու ձևակերպումները լսելու համար»:
Հայկ Դեմոյանը, իր սովորության համաձայն, մեղավորությունը գցեց ուրիշների վրա, տվյալ դեպքում՝ լրագրողի: Քիչ անց aravot.am-ը հրապարակեց ասուլիսի ամբողջական ձայնագրությունը, որտեղ թանգարանի տնօրենն իսկապես ասում էր այն, ինչ լրագրողը ներկայացրել էր հրապարակման մեջ:
Տեսանյութը՝ 1in.am-ի: