
Անհրաժեշտության դեպքում կարելի է միացնել տնտեսության «ձեռքով կառավարման» ռեժիմը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է միացնել տնտեսության «ձեռքով կառավարման» ռեժիմը և աշխատել ըստ սեկտորների:
Պուտինն այս հայտարարությունն արել է կառավարության անդամների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ. «Պետք է վերահսկողության տակ պահել ամեն ինչ: Եթե պահանջվի, թեև որևէ մեկի դուրը դա չի գա, սակայն տվյալ դեպքում դա բացարձակապես արդարացված է, անհրաժեշտ է միացնել այսպես կոչված «ձեռքով կառավարելու» ռեժիմը: Տվյալ դեպքում ամոթալի որևէ բան չկա»:
Պուտինը նաև կարգադրել է բարելավել կառավարության աշխատանքը տնտեսության սեկտորների գծով, ինչպես որ դա իրականացվել է 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամի հակազդման ժամանակ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի 23-ին նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է անցում կատարի «ձեռքով կառավարման» ռեժիմի: