
Ադրբեջանի ՊՆ-ը հերքում է դիվերսիայի փորձ ձեռնարկելու ու կորուստներ կրելու մասին հաղորդումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում հերքել է ադրբեջանական բանակի կողմից դիվերսիայի փորձ ձեռնարկելու ու կորուստների կրելու մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես «ապատեղեկատվություն».
«Ադրբեջանի զինված ուժերն ամբողջովին վերահսկում են ճակատային գծի երկայնքով իրավիճակը: Անձնակազմի թվում կորուստներ չկան: Հայերը, տարածելով նման տեղեկատվություն, հիմք են ստեղծում այն սադրանքների համար, որոնք նրանք ցանկանում են կազմակերպել»:
Սրանից առաջ ԼՂՀ ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել էր. «Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել»: