
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն Եվտուշենկովին վերադարձրել է արտասահմանյան անձնագիրը

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն վերացրել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հանդեպ բոլոր սահմանափակումները՝ նրան վերադարձնելով արտասահմանյան անձնագիրը:
Հետաքննչական կոմիտեում թերթի աղբյուրը հայտնել է, որ Եվտուշենկովին վերադարձվել են ավելի վաղ անցկացված խուզարկության ժամանակ առգրավված իրերն ու փաստաթղթերը՝ ներառյալ արտասահմմանյան անձնագիրը:
Քննիչներն իրենց հետ տարել էին Եվտուշենկովի արտասահմանյան անձնագիրը, որպեսզի նա չկարողանա լքել երկրի սահմաններն ու խուսափել քրեական պատասխանատվությունից: Գործարարը շարունակում է ամբաստանյալ հանդիսանալ դրամական միջոցների լվացման կազմակերպման գործով:
Թերթը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, վստահեցնում է, որ քրեական հետապնդումը կդադարեցվի Ամանորից հետո: Սեպտեմբերի վերջին Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել էր Եվտուշենկովին ազատ արձակել ռեկորդային 300 միլիոն ռուբլու գրավի դիմաց: