«Ազատագրվեց Շանգալը, գինը սարսափելի է, հազարավոր սպանվածներ, գերիներ, մոր աչքի առջև կենդանի թաղված երեխաներ». Ամո Շարոյան
Որպեսզի ալեւս մարդկությունն ականատես չլինի ցեղասպանություններին պետք է ճանաչի եւ դատապարտի յուրաքանչյուր ցեղասպանություն, այդ թվում Իրաքում եզդիների ցեղասպանությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Ավարտվում է 2014 թ. Ùեր սրտերում դեռեւս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի ու հավատացած եմ, որ երբեք չի հեռանա եզդու սրտից եւ հոգուց: Մեր ժողովուրդը այնպիսի ցավ ապրեց Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը ԻՊ-ի հրեշների կողմից ենթարկվեց նենգ ոճիրի` ցեղասպանության, ֆիզիկական ոչնչացման, գերության ու ստրկության:
Բայց մեր թեւերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Վերջապես հնչեց ճշմարտության ձայնը, աշխարհը օգնեց եզդիներին: Մեր ազատամարտիկների ձեռքի զենքը ազատագրեց մեր Շանգալը` մեր տունը, մեր գոյության ամրոցը: Հաղթեց արդարությունը ազատագրվեց մեր բնօրրանը Շանգալը:
Այն Շանգալը, որը մեր եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ, այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշը, այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերին:
Բայց ոչ ոք երբեք չի զրկել եզդիներին մեր բնօրրանից` Շանգալից: Այն հողը, որի վրա եզդի ժողովուրդը ճշգրիտ եւ հուսալի պահպանել է իր ազգային ինքնությունը, իր կրոնը, իր մշակույթը, իր պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները:
Շանգալը մեր ժողովրդի հույսն ու ապավենն է: Նույն այդ հողի վրա է, որ շատ-շատերը ցանկացել են բաժանել, փշրել, արտաքսել եւ ֆիզիկապես ոչնչացնել մեր ժողովրդին, բայց դա նրանց չի հաջողվել ու ոչոքի չի հաջողվի, որովհետեւ եզդին թեկուզ մենակ իր մայր բնօրրանում պայքրել է ազնիվ, ճիշտ ու միասնական ապրելու համար: Ապացուցել է իր թշնամիներին, որ նրանց յուրաքանչուր չար մտադրությունը դատապարտված է: Եզդի ժողովուրդը դարեր շարունակ մահացու պայքար է մղել տարբեր ոսողների դեմ: Վերջապես «սեւ դրոշը» Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքով այրվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ եւ տրորվեց: Ամենուր վեր խոյացավ եզդի ժողովրդի ազատագրական պայքարի դրոշը: Եզդին փրկեց իր տունը, իր ընտանիքը, իր աշխարհը, իր բնօրրանը: Փրկվեց մարդկության եւ առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը:
Իհարկե մենք երախտապարտ ենք բոլոր նրանց ովքեր այս սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ստացանք ամբողջ աշխարհում մեր բարեկամների եւ ընկերների կարեկցանքն ու օգնությունը: Աշխարհը ճանաչեց եւ տեսավ եզդի ժողովրդին եւ համոզվեց, որ եզդիները գրեթե մենակ էլ կարող են եւ պաշտպանեցին իրենց բնօրրանը տարբեր ավազակախմբերից:
Ազատագրվեց Շանգալը, գինը սարսափելի է, հազարավոր սպանվածներ, գերիներ, փախստականեր, ստրկավաճառության դատապարտվածներ, մոր աչքի առջեւ կենդանի թաղված երեխաներ, գլխատված ամուսիներ, ամենուր մահ էր… կարծես թե մի պահ չարը հաղթել էր բարուն, մահը` կյանքին:
Թվում էր, թե ոչ ոք չի կարող հանգեցնել ամենուր մոլեգնող կրակը, բայց հաղթեց կյանքը, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը: Մենք ապացուցեցինք, որ եզդին կարող է լինել իր կյանքի, հույսի, ապագայի, խաղաղության երաշխավորը: Ցավում ու սգում ենք, բայց հպարտ ենք, որ մեր ժողովրդի զավակներն աշխարհի մեծամեծերին հիշեցրին եզդի ժողովրդի գոյության, պայքարի եւ հաղթանակի մասին: Այո մեծամեծերի հետ հարաբերվելու լավագույն դասը ուժեղ, անկախ, ինքնուրույն, հզոր լինելն է, ինքդ քեզ պաշտպանելն է: Ես երջանիկ չեմ, բայց հպարտ եմ, որ այս դաժան փորձությունից պատվով, ճակատը բաց դուրս եկավ մեր ժողովուրդը, աշխարհը տեսավ եւ ճանաչեց եզդիներին: Մենք հավատում էինք մեր հաղթանակի համար, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Համբերում էինք, որ հերթական փորձությանը կդիմանանք եւ փառք Աստծո հաստատվեց մեր համբերությունը: Այժմ բոլորս առանց երկմտելու խնդրում ենք Աստծուն, որ վերջնականապես ապահովի մեր ժողովրդի գոյությունը իր բնօրրան Շանգալում: Իսկ ես հավատում եմ Աստծուն, որ կտա այդ բոլորը, որորվհետեւ մենք այժմ ավելի քան երբեք միասնական ենք եւ հավատում ենք մեր ուժին, հավատում ենք, որ այսօր ուժն է որոշում իրավունքը:
Պատերազմը շարունակվում է, այն դեռեւս չի ավարտվել, բայց մենք պարզ գիտենք, որ մենք ենք մեր բնօրրանի Շանգալի տերը, մենք ենք մեր պաշտպանը, մեր հայրենիքի զինվորը: Իհարկե կան նաեւ այլ խնդիրներ, բայց այսօր կարեւորն հաղթանակն է Իսլամիստների դեմ, որը հավատացած եմ, որ մենք շուտով պետք է տոնենք:
Եզդիների ցեղասպանությունը ցնցել էր Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին ամենուր ձեւավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբերը: Մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին շեշտեց, որ «ողջ մարդկությունը պետք է հետեւողական լինի այս հանցագործություների ճանաչման, դատապարտման հարցում: Սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը»: Այո, որպեսզի ալեւս մարդկությունն ականատես չլինի ցեղասպանություններին պետք է ճանաչի եւ դատապարտի յուրաքանչյուր ցեղասպանություն:
Այսօր էլ մենք աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար եւ պայքարում ենք ու պայքարելու ենք նրանց թափված արյան համար: Մեր ժողովուրդը անկեղծորեն հավատացել է Աստծուն: Երբեք չի սպանել, չի պղծել, չի թալանել տարբեր վայրագություններ չի արել իր հարեւաների եւ ընդանրապես մարդկության նկատմամբ: Մենք երբեք չենք ապրել նյութական արժեքների եւ նյութականացման համար: Մենք հարգել ենք բոլորին, ամեն անգամ աղոթելիս խաղաղության, երջանկության համար Աստծո անունը մեր շուրթերին աղոթել ենք մեր եւ աշխարհի բոլոր ժողովուրդների ու մարդկանց համար: Մենք չենք ընդունում ատելությունը եւ մոլագարության հասնող ցանկացած դրսեւորում: Մեր ժողովրդին հատուկ է լավատեսությունը, դժվարություններն անպայմանորեն հաղթահարելու կամքն եւ ոգին: Մենք շատ բան սովորեցինք մեր համար այս հատկապես վճռորոշ, սարսափելի, բախտորոշ իրավիճակում: Այսօր հայրենասիրության, արդարության համար մենք պարտավոր ենք լինենք միասին ու միակամ: Չէ որ մեր ապրելու իրավունքը մեր ձեռքում է, իսկ աշխարհը օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում: Հավատացեք այդքան փորձություններից հետո մեզ եզդիներիս ամենաքիչը ինքնավարություն է պետք Շանգալում «Եզդիխանա» անունով:
Չնայած այս Նոր Տարվա դժվարություններին, բայց այս Նոր տարին մեր համար ուրախալի է ազատագրվել է մեր Շանգալը, փրկվել է մեր ժողովուրդը, բոլոր-բոլորի իղձերի նպատակների իրագործման տարի թող լինի, թող ամենուր հաղթի արդարությունն ու մարդկային լավագույն արժեքները: Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն»:
Աստված ապավեն ամբողջ աշխարհին, մեր ընդհանուր մոլորակին: