Բաժիններ՝

Տարին դժվարին էր, բայց դրական տեղաշարժեր գրանցվել են. Գյուղնախարարն ամփոփում է 2014-ը

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2014 թ-ին գրանցվել են դրական տեղաշարժեր, թեև դժվարին տարի էր: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ըստ նրա, գարնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գարնանային ցրտահարություններ եղան, ցրտահարվեցին պտղատու այգիները, ծիրանի բերքը բավականին պակաս էր, բայց հունվար-նոյեմբերի տվյալներով, գյուղատնտեսական արտադրանք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.5%-ով, ավելացել են ցանքատարածությունները, անասնագլխաքանակը և այլն:

Չնայած Վերահսկիչ պալատի բացահայտած թերացումներին ու խախտումներին, նախարարը դրական գնահատեց «Հայկական միրգ» ծրագրի, անասանապահական ծրագրերի արդյունքները:

Նախարարը նշեց, որ մթերման հարցով ոչ մի խնդիր չի եղել, 98-99%-ով վճարումները կատարվել են, իսկ անցած տարվա 26.5 մլրդի դիմաց պտղի մթերումների ընդհանուր գինը կազմել է 34.4 մլրդ դրամ. «Մթերումերի ժամանակ գինն էլ բաձրացել է 6-7 դրամով և տնտեսություններն ունեն ավել եկամուտ»:

Անասնապահության ոլորտում, ըստ նրա, 90 համայնքներում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնք կոչվում են Օգտագործողների միություններ, և դրանք այս երկու տարում ավելի քան 20% իրենց եկամուտն ավելացրել են, իսկ մինչև 2016 թ-ը ևս 15 համայնքներ կներգրավվեն ծրագրում, մասնավորապես, ծրագրի շրջանակներում 10 հազար հեկտար արոտավայրեր ջրարբիացվել են, 158 կմ խողովակներ են անցկացվել, 200 խմոցներ են ստեղծվել ու կացարաններ են կառուցվել հովիվների համար, ճանապարհներն են բարելավվել:

«Արդյունքում 12.5%-ով խոշորի գլխաքանակի աճ և 12%-ից ավելի մանրի աճ ունենք»,- ասաց Ս.Կարապետյանն ու կանխատեսեց, որ այս տարի ևս սպասվում է անասնագլխաքանակի աճ:

Գյուղացիական տնտեսությունների վարկավորման մասին խոսելով՝ Ս.Կարապետյանը նշեց, որ մինչ այս սուբսիդավորվող վարկի ծավալը մոտ 66 մլրդ դրամ է կազմել, որից օգտվել են 70-80 հազար ֆերմերներ, իսկ հաջրդ տարի 4%-ի փոխարեն կսուբսիդավորվի 6 % և ժամկետը կերակարացվի 2-ից մինչև 4 տարի: Նա նշեց, որ «Ինգոարմենաիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ տարվանից անասնապահության ոլորտում ապահովագրություն իրականացվի: Նախարարը տրակտորներով ապահովվածության հարցը ՀՀ-ում լուծված համարեց, անցնող տարի 482 գյուղտեխնիկա է տրվել, որի մի մասը տրակտորներ են, խնդիր է մնում հացահատիկահավաք կոմբայնների թարմացման հարցը, որոնք թանկ են՝ մոտ 80 հազար դոլար, ու անգամ լիզինգով, թեկուզ 10 տարի ժամկետով ոչ մեկը չի կարողանա վերցնել: Հարցի լուծման համար նախատեսվում է գալիք տարի ծառայության կենտրոններ ստեղծել ու գյուղացիներին որոշակի գումարի դիմաց կոմբայններ տրամադրել բերքահավաքի ժամանակ:

Հարցին, թե ինչպե՞ս է, որ նախարարը մի բան է ասում, իսկ գյուղացիները այլ ու նրանք դժգոհում են, չեն կարողանում հողը մշակել ու անմշակ վարելահողերը շատանում են, Ս.Կարապետյանը պատասխանեց. «Դուք մի բան եք տեսնում, ես մի բան: Կան մարդիկ, որ իրենց հողը չեն մշակում, Հայաստանի բացակայում են, էդ հողեր դուք տեսնում եք, ես էլ եմ տեսնում, է հա, մարդիկ չեն մշակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս