
ԵԽ-ի անդամ երկրների թվում ամենաբարդ իրավիճակն Ադրբեջանում է. Նիլս Մույժնիեքս

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսն Ամանորից առաջ վերստին շոշափել է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեման:
Մույժնիեքսը Facebook-ի իր էջում գրել է. «Մեզանից շատերը պատրաստվում են տոներին, սակայն ես մտածում եմ գործընկեր իրավապաշտպանների մասին, որոնք իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների պաշտպանությանը:
Եվրոպայի Խորհրդի անդամ մի շարք երկրների իրավապաշտպանների համար այս տարին բարդ էր ու վտանգավոր: Ամենաբարդ իրավիճակը ես նկատել եմ Ադրբեջանում, ուր իշխանությունները պարբերաբար բռնություններ են գործադրում իրավապաշտպանների, լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:
Մշտապես աճում է այդ երկրում ձերբակալվածների ու վտարանդիների թիվը: Ես ողջունում եմ նրանց բոլորին, և 2015 թվականին շարունակելու եմ անել ինձանից կախված ամեն բան՝ նրանց հարցերի արդար լուծման համար»: