«Գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություն ենք ունենալու». գյուղնախարարը մեծ հույսեր է կապում ԵՏՄ-ին անդամակցության հետ
«Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք դառնում ու գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություն ենք ունենալու: Այս միությունը մեզ համար շատ կարևոր է: Տասնյակ տարիներ մենք արտահանել ենք այդ շուկա, ամենամեծ շուկան մեզ համար դա է, և ավելի հեշտ է հաղորդակցվել իրենց հետ: Ես հաստատ համոզված եմ, որ հաջորդ տարի արտահանման ծավալները կտրուկ կավելացնենք»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ըստ նրա՝ արտահանումն ավելացնելու համար արտադրության ծավալները պետք է ավելացնենք, որի համար մշակվել է հատուկ ծրագիր: Ս.Կարապետյանը նշեց, որ աշնանը միտումը զգացվեց, եթե Արարատյան դաշտավայրում աշնանանցան ցորեն էին ցանում, հիմա պակասեցրել են ցանքատարածությունը՝ այդ հողերը բանջարբոստանային մշակաբույսերի տակ դնելու համար: Նախարարի խոսքով՝ բացի բանջարից նաև պանրի մեծ պահանջարկ կա:
Ս.Կարապետյանը կրկին հաստատ համոզվածություն հայտնեց, որ ինչպես թարմ պտուղ բանջարեզենը, այնպես էլ վերամշակված պտուղբանջարեղենի, պահածոների, գինու, կոնյակի արտահանման ծավալները կաճեն: Նրա խոսքով՝ մեծ հնարավորություն կա նաև մսամթերքի արտահանման ծավալները մեծացնելու, քանի որ մսամթերք վերամշակող արտադրությունները աշշխատում են հզորությունների 25%-ի չափով:
«Հաստատ համոզված եմ, որ մյուս տարի մեր գյուղատնտեսւթյան ոլորտը, ռեզիդենտներն էլ շատ են, որ կարող ենք պետության օժանդակությամբ աճը ապահովել և հնարավորություն տանք իրենց հողերը մշակեն, իրենց եկամուտները ավելացնեն»,- ասաց նախարարը: