
Ղրղզստանը հուսով է ԵՏՄ-ի լիիրավ անդամ դառնալ մինչև 2015 թվականի մայիսի 9-ը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հուսով է, որ հանրապետությունը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա մինչև 2015 թավականի մայիսի 9-ը: Այս մասին նա հայտարարել է երեկ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո.
«Այդ օրը մենք նշելու ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, ինչը հատուկ ամսաթիվ է: Ինձ համար այդ ամսաթիվը շատ կարևոր է, որովհետև ժամանակին իմ հայրը մարտնչել է Խորհրդային Միության համար և անգամ չի մտածել, որ մեր երկրներին կարող են բաժանել ինչ-որ սահմաններ ու անցակետեր»:
Աթամբաևը խորհրդանշանական է համարել հենց դեկտեմբերի 23-ին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը: Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 23-ից սկսած՝ ցերեկները սկսում են երկարել, և լույսը սկսում է հաղթել խավարին: