Մեդիտացիան փոխեց սերժանտի կյանքը
Ֆորթ Գորդոն, Ջորջիա: Սերժանտ Թոդ Քնաուբերի մտքով անգամ չէր անցնում, որ իր զինակից վետերան ընկերներին առաջարկի, որ Տրանսցենդենտալ մեդիտացիայի դասերի գնան: Կարծում էր՝ իր վրա կծիծաղեն: Բայց հիմա լրիվ այլ կերպ է մտածում:
Նա ասում է, որ սա պատերազմի հետևանքով ստացած սպիները վերացնելու ամենից հզոր զենքն է: Վետերաններին այս ծրագիրն իրական հույս է ներշնչում, որ, ի վերջո, նրանք կհաղթահարեն և կլավանան:
Քնաուբերն ինն ամիս արդեն ծառայել էր Աֆղանստանում, երբ Հանուն Ազատության Գործողության ժամանակ ծանր վիրավորվել է:
– Մենք միասին ենք անցել ամեն լավի ու ամեն վատի միջով և սովորել ենք խիզախությամբ ապրել մեզ բաժին ընկած սպիների հետ:
Նրան ասել էին, որ ժամանակի հետ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, բայց իրականությունը այլ բան էր ապացուցում:
«Ամեն օր բարձրանալն ավելի ու ավելի է դժվարանում: Այնտեղի կյանքը և այստեղինը երկու տարբեր աշխարհներ են: Այնտեղ ամեն ինչ կարծես ինչ-որ իմաստ ուներ, ու ես այդ խավար աշխարհի մաս եմ, որից դժվար է դուրս գալ»,- ասում է նա:
Նրա համար դժավար էր աշխատելը, թեև այն անհրաժեշտ էր իր ապրուստի համար: Դժվար էր իր ընկերների ու սիրելիների հետ շփվելն անգամ: «Բայց մի օր մի մեծ նվեր ստացա՝ անծանոթ մեկից»,- ասում է նա:
Քնաուբերին հնարավորություն տվեցին մասնակցելու Տրանսցենդենտալ մեդիտացիայի ծրագրին, որն Էյզենհաուերի անունը կրող զինվորական հիվանդանոցում բուժման մաս էր կազմում: Նա դրա մասին ոչինչ չգիտեր, բայց դա նրան հնարավորություն տվեց վերացնել շատ դեղեր, դուրս գալ մղձավանջներից և հաղթահարել ֆիզիկական և զգացմունքային շատ խնդիրներ:
«Դա ծառի ճյուղ չէր, որից ես կառչեի, ավելի շուտ՝ ամուր հենարան գտա ոտքերիս տակ, կայուն հենարան, որն ինձ դադար էր տալիս նվազեցնելու ցավը, որպեսզի շարունակեմ մագլցել բարձունքը»,- ասում է նա:
Մեդիտացիան սկսելուց ի վեր նրա կյանքը փոխվում է: Նա մեդիտացիա է անում ամեն օր, երկու անգամ և չորս ամսվա ընթացքում նա արդեն երկու դեղամիջոց պակաս է ընդունում, մեկն էլ կիսով չափ պակասեցրել է:
Տրանսցենդենտալ մեդիտացիան նրան հանգստի զգացում է տալիս, և նրա համար վերքերի պատճառած ֆիզիկական ցավն այժմ տանելի է դարձել: «Ես ցավազրկող դեղերի մի ամբողջ վաշտ ունեի: Հիմա շաբաթվա մեջ երկու-երեք անգամ մի քանի հաբ բավարար է ցավը հանգստացնելու համար»,- ասում է նա:
Նրան նույնիսկ ասել են, որ ինքը լրիվ այլ մարդ է դարձել:
«Ես աշխույժ եմ, ժպտում եմ, ոտքերս ավելի ամուր եմ դնում հողի վրա: Ճշմարտությունն այն է, որ հնարավոր չէ տրանսցենդենտալ մեդիտացիա անել ու չզգալ, թե ինչպիսի դրական ազդեցություն է այն թողնում»,- պատմում է նա:
Բժիշկները նրան ասել են, որ մեդիտացիայով և իր վրա աշխատելով՝ նա մի քանի տարում կլավանա, բայց հիմա տրանսցենդենտալ մեդիտացիա սկսելուց ամիսներ հետո նա արդեն իսկ մոտենում է իր նպատակին: «Երբեմն անհանգստացնող մտքերն ու մղձավանջները նորից գալիս են, բայց առաջընթացը շոշափելի է: Ես հիմա ավելի շատ եմ կառավարում իմ կյանքը և հուսադրվում եմ, որ նորից ամեն ինչ կսկսեմ ու կլավանամ»,- վստահ է Քնաուբերը:
Թարգմանությունը՝ http://www.army.mil-ից