Ռուսաստանը 2015թ. կաջակցի Ուկրաինայի արևելքի պատերազմին ու կարող է սանձազերծել ևս երկու զինված հակամարտություն. Bloomberg
Bloomberg գործակալությունն իր «Հոռետեսական կանխատեսման» մեջ նշել է, որ 2015 թվականին Ռուսաստանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի արևելքի պատերազմին և աշխարհում սանձազերծելու է ևս երկու զինված հակամարտություն: Գործակալությունն իր «Հոռետեսական կարծիքը» ձևավորելիս հենվել է փորձագետների շրջանում արած հարցման վրա:
Գործակալությունը չի բացառում, որ Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատողականները կարող են Ռուսաստանի զինված ուժերի աջակցությամբ հարձակման անցնել Ուկրաինայում՝ փորձելով գրավել նորանոր տարածքներ: Մասնավորապես, նրանք կարող են փորձել գրավել Ուկրաինայի հարավային ծովափնյա հատվածը, որպեսզի ցամաքով ճանապարհ հարթվի Ռուսաստանի ու Ղրիմի միջև:
Բացի այդ, Կրեմլը կարող է նոր պատերազմ սանձազերծել Բալթիկայում: Վլադիմիր Պուտինը փորձում է խաթարել ՆԱՏՕ-ի անդամների կայունությունը՝ ռուսական փոքրամասնությունների խնդիրներ հրահրելով Էստոնիայում ու Լատվիայում, այդ թվում նաև նաև ռուսական Կալինինգրադի անկլավից, որը գտնվում է Լեհաստանի ու Լիտվայի միջև:
Օդային տիրույթում վերջին սադրանքներն ի ցույց են դնում ՆԱՏՕ-ի հնարավորությունները ստուգելու Ռուսաստանի ցանկությունը: Բացի այդ, Ռուսաստանը կարող է նավթով ու գազով հարուստ Արկտիկայի համար պատերազմ սկսել ԱՄՆ-ի, Կանադայի ու Դանիայի դեմ:
Արկտիկայի բնական պաշարների պատկանելության շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Դանիայի ու Կանադայի միջև լարվածության աճը կարող է վերաճել բաց դիմակայության: Հյուսիսային բևեռի սառույցների հալվելը կոմերցիոն տեսանկյունից տարածաշրջանը դարձնում է գրավիչ:
Գործակալությունը պատերազմի սանձազերծումներ կանխատեսում է Մերձավոր Արևելքում: Մասնավորապես կոնֆլիկտ կարող է ծագել Իսրայելում, ուր պաղեստինցիները կազմակերպում են ապստամբություն՝ պահանջելով իրենց պետության անկախությունը:
Թագավոր Աբդալլայի մահվանից հետո, ով արդեն իսկ 90 տարեկան է, կոնֆլիկտ կարող է ծագել նաև Սաուդյան Արաբիայում: Սպառնալիք է ներկայացնում նաև «Իսլամական պետությունը», որի ահաբեկիչները տարածվում են տարածաշրջանում: