«2014 թ-ը ես պետք է բնորոշեմ որպես բավականին բեկումնային տարի». նախարար

«2014 թ-ը ես պետք է բնորոշեմ որպես բավականին բեկումնային տարի` սոցիալական համակարգերի ստեղծման աշխատանքների մասով, և շատ բարդ տարի էր բարեփոխումների իրականացման առումով, քանի որ 2014թ. տարբեր ոլորտներում մեկնարկեցին նոր համակարգերի գործունեության հետ կապված աշխատանքները և բարեփոխումները, որ տարիներ շարունակ իրականացվում էին, սկսեցին առարկայական գործել: 2014թ-ը բնորոշվեց նաև սոցիալական երկխոսության առումով:
Մեկնարկեց ավելի քան մեկ տասնամյակ մշակված կենսաթոշակային համակարգը և տարին բարդ էր այն առումով, որ միանշանակ ընկալում չկար»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա՝ նախկին ժամանակաշրջանում ներկայացվել էր համակարգն ու առնչությունը քաղաքացիների հետ բայց միանշանակ չէր ընկալվել ու հասարակական դժգոհություն եղավ, բայց հայտնի է, թե ինչ ավարտ ունեցավ: Ա.Ասատրյանը նշեց, որ իրենց հաջողվեց լուծում գտնել ու բարեփոխումն իրականացվեց:

Նախարարը նշեց, որ անցնող տարվա հունվարի 1-ից ներդրվեց աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման նոր կարգ, ինչի արդյունքում հնարավոր եղավ ապահովել ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափի առաջանցիկ աճի տեմպ` համեմատաբար բարձր կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափի նկատմամբ: Արդյունքում ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կնվազի շուրջ 32000-ով, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը կավելանա մոտ 15%-ով:

«Ծրագրային ապահովման և խնայողությունների դրական արդյունքներից մեկն է մայրության միանվագ նպաստի նոր կարգը, ըստ որի երեխային ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացվեց՝ 3-րդ երեխայի դեպքում այն հասցնելով 1 մլն դրամի, ընդ որում կիրառվեց լիովին նոր մոտեցում՝ ներդնելով ընտանեկան դրամագլխի գաղափարը»,- ասաց Ա.Ասատրյանը:

Կարդացեք նաև

Նախարարի խոսքով՝ 2014 թվականից սկսած՝ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից տրմադրվող 1 մլն դրամից 500 հազար դրամը ընտանիքը ստանում է միանվագ, իսկ մնացած 500 հազար դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը ստանում է 1մլն 500 հազար դրամ, որից միանվագ՝ 500 հազար դրամ, իսկ մնացած 1 մլն դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: Ընդ որում` ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև նաև՝ ընտանիքի մյուս անդամների համար: Բացի այդ, դրամագլուխը բանկում ներդնելով՝ ընտանիքները ստանում են տարեկան մինչև 12% եկամուտ:

Նախարարը նաև գոհունակությամբ խոսեց գործազրկության նպաստի փոփոխությունների, մայրության նպաստի նոր կարգի, աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրումը պետական հատվածում և այլ նախաձեռնությունների մասին ու հայտարարեց. «Որևէ մեկը չի կարող մեր քաղաքացիների մասին ավելի շատ մտածել, քան մենք: Դա այդպես է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս