
Եվրոպական ներդրումային բանկն Ուկրաինային հատկացրել է 600 միլիոն եվրոյի վարկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են վարկային երկու համաձայնագիր՝ 600 միլիոն եվրո ընդհանուր ծավալով:
Այդ գումարները նախատեսված են հատկապես Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում պատերազմից տուժած ենթակառուցվածքների վերականգնման նախագծերը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի վերածնումը ֆինանսավորելու համար:
Համաձայնագրերի ստորագրման արարողությունն անցկացվել է Ուկրաինայի կառավարության շենքում, դրան ներկա են գտնվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանայան:
Համաձայնագրերից մեկը նախատեսում է 200 միլիոն եվրո հատկացնել ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը, իսկ մյուսը նախատեսում է 400 միլիոն եվրո հատկացնել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: