2014 թվականին Ռուսաստանի 20 մեծահարուստները կորցրել են 73.4 միլիարդ դոլար. Forbes
Ամերիկյան Forbes պարբերականի ռուսական տարբերակի գնահատմամբ՝ 2014 թվականին Ռուսաստանի 20 մեծահարուստները կորցրել են 73.4 միլիարդ դոլար: Այդ փոփոխություններն առնչվում են փետրվարի 12-ից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածին: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը ռուսաստանցի միլիարդատերերի՝ այս տարվա կորուստները գնահատել էր 62 միլիարդ դոլար:
Forbes-ի տվյալներով՝ ամենամեծ կորուստները կրել է («Տարվա ֆիասկո» է ճանաչվել) «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, ով 3 ամիս տնային կալանքի տակ է գտնվել՝ կապված «Բաշնեֆտի» գնման ժամանակ մեքենայություններ անելու գործի հետ: Նրա կարողությունը 8.1 միլիարդ դոլարից նվազել է մինչև 0.9 միլիարդ դոլարի, որով և նա զրկվել է միլիարդատեր կոչվելուց:
Կորուստների ցուցանիշով երկրորդ տեղում НЛМК պողպատաձուլական խմբի ղեկավար Վլադիմիր Լիսինն է, որի տարեկան կորուստները կազմել են 7.5 միլիարդ դոլար: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 8.7 միլիարդ դոլար, որով և նա Ռուսաստանի մեծահարուստների թվում 9-րդ տեղից նահանջել է 4-րդ տեղ:
Երրորդ տեղում է НОВАТЭК-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը, որի տարեկան կորուստները կազմել են 6.5 միլիարդ դոլար: Նա 9.1 միլիարդ դոլար կարողությամբ 5-րդ հորիզոնականից նահանջել է 7-րդ հորիզոնական:
Forbes-ն ընդգծում է, որ ներդրող Ալիշեր Ուսմանովը Ռուսաստանի մեծահարուստների թվում պահպանել է առաջին տեղը՝ թեև տարվա արդյունքներով կրել է 4.7 միլիարդ դոլարի կորուստ (6-րդ խոշոր կորուստը մեծահարուստների թվում): Նրա կարողությունը ներկայումս գնահատվում է 13.9 միլիարդ դոլար: