«Թուրքիան 2015-ին ունենալու է շատ պրովոկացիոն կեցվածք». Կարեն Բեքարյան

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը կարծում է, որ 2015 թվականին Ղարաբաղյան խնդրի հետ կապված զարգացումների կամ հետընթացների համար դերակատարում է ունենալու առնվազն 2 գործոն: Այսօր հրավիրված ասուլիսում նա նշեց, որ առաջին հերթին՝ 2015 թվականն իր մեջ պարունակելու է Ցեղասպանության 100-ամյակի տրամաբանությունը, որի հետ կապված ինքն ունի որոշակի մտահոգություն, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանն անընդհատ պետք է պրովոկացիաներ, լարվածություն ստեղծի, որպեսզի դրանով միջազգային հանրության ուշադրությունը շեղվի 100-ամյակի հետ կապված տարաբնույթ խնդիրներից:

«Սա չի ասվում՝ որպես չհաղթահարելի բան, որից պետք է անհանգստանալ, այլև սա ուղղակի նշանակում է, որ 2015 թվականին մեր և առաջին հերթին՝ մեր բանակի զգոնությունը պետք է լինի շատ ավելի բարձր աստիճանի վրա: Այն, որ Թուրքիան կարող է նման գործելակերպ որդեգրել, կարծում եմ՝ ոչ մեկս չենք կասկածում: Այն, որ Թուրքիան կփորձի իր տարիներ ի վեր ունեցած հավատարմությունն Ադրբեջանի նկատմամբ հիմա ստանալ նրանից այդ ձևով, ինձ թվում է՝ դարձյալ ոչ մեկս չենք կասկածում: Այսինքն՝ Թուրքիան 2015-ին ունենալու է շատ պրովոկացիոն կեցվածք»:

Կ. Բեքարյանը նկատեց, որ 2015թ. Ադրբեջանն ընդունելու է համաեվրոպական օլիմպիական խաղերը, որը բավականին մեծ ծախսեր նախատեսող միջոցառում է. «Այս առումով էլ Ադրբեջանը շատ մեծ նշանակություն է տալու նրան, որ լինի հնարավորինս կանխատեսելի վիճակ՝ ոչ քաոսային, ոչ լարված, որպեսզի այդ ամենը հնարավոր լինի իրականացնել բարձր մակարդակով, և բոլոր ակնկալիքները, այդ թվում՝ թե՛ ֆինանսական, թե՛ իմիջային, հնարավորություն ունենա քաղելու: Այսինքն՝ եթե Թուրքիայի գործոնը 2015-ին բացասական լիցք տվողն է, ապա համաեվրոպական օլիմպիական խաղերը դրական լիցք տվողն են»:

Տեսանյութեր

Լրահոս