Շանթ Հարությունյանի և մյուսների գործով արդարացում են պահանջում. գործը վերաքննիչ դատարանում է
Շանթ Հարությունյանի և մյուսների գործն արդեն վերաքննիչ դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը Արշակ Խաչատրյանն է, գործը կքննեն նաև դատավորներ Արմեն Դանիելյանն ու Սևակ Համբարձումյանը:
Ալբերտ Մարգարյանի պաշտպանը պահանջել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, հռչակել նրա անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նա մեղավոր էր ճանաչվել խուլիգանությա մեջ՝ դատապարտվելով 6 տարվա ազատազրկման: Ա. Մարգարյանն արդարացվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում:
Վահե Մկրտչյանի պաշտպանը պահանջել է հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում՝ հացակազմի բացակայության պատճառով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նա այս երկու մեղադրանքներում էլ մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 7 տարի ժամկետով ազատազրկման:
Միսակ Առաքելյանի պաշտպանը պահանջել է բեկանել բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդ. 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված հանցանքում մեղավոր ճանաչելու և դատապարտելու մասով և ճանաչել ու հռչակել նրա անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դատարանը նրան 50 հազար դրամի չափով տուգանքի էր դատապարտել, սակայն ազատել էր պատժի կրումից:
Լիպարիտ Պետրոսյանի պաշտպանը միջնորդում է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերաբերյալ դատավճիռը և ճանաչել ու հռչակել նրա անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշենք, որ Լիպարիտ Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության դեմ՝ դապատարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման:
Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդել է ՀՀ քր. օր. 258 հոդ. 4-րդ մասով ճանաչել անպարտ , հռչակել նրա անմեղությունը և նրան ազատել դատարանի դահլիճից , կամ պատիժը պայմանականորեն չկիրառել` ազատել դատարանի դահլիճից , կամ նրա նկատմամբ նվազեցնել սահմանված պատժաչափը : Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Մկրտիչ Հովհաննիսյանը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում, մեղավոր էր ճանաչվել խուլիգանության կատարման մեջ՝ դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման:
Ալեք Պողոսյանի պաշտպանը միջնորդել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառով, և հռչակելով այդ մասով նրա անմեղությունը` կայացնել արդարացման դատավճիռ, վերացնել ամբաստանյալից հօգուտ պետական բյուջերի 297.000 դրամ գումարի բռնագանձումը: Ալեք Պողոսյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:
Ավետիս Ավետիսյանի պահանջել է նրա մասով ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և կայացնել արդարացման դատավճիռ : Նշենք, որ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ՝ Ավետիս Ավետիսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Շանթ, Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպանը միջնորդել է գործի քննությունը իրականացնել վերաքննության կարգով: Բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության: Փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոցը` կալանքը: Բավարարել պաշտպանական կողմի կողմից ներկայացված միջնորդությունները: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6, Վարդան Վարդանյանը՝ 5, Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման. վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր 4 տարի ժամկետով փորձաշրջան:
Հայկ Հարությունյանի, Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպանները ևս պահանջել են արդարացնել նրանց: Նրանք բոլորն էլ առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր էին ճանաչվել խուլիգանության մեջ. Հայկ Հարությունյանը դատապարտվել էր 4 տարի, 6 ամիս տարի ժամկետով ազատազրկման. դատարանը նրան մեղավոր էր ճանաչելն նաև առանց իրացնելու նպատակի ապօրինի զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ: Արմեն Հովհաննիսյանը դատապարտվել էր 2, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման: Վերջինս արդեն ազատության մեջ է: