«Կաթնամթերքն իրականում թանկացել է 20-25 տոկոսով». Կարեն Չիլինգարյան

Առաջին անհրաժեշտության մթերքները թանկացան վերջին շրջանում. ո՞ւմ էր ձեռնտու այս արհեստական խուճապը, ովքե՞ր են պատասխանատուները, և արդյոք մեղավորները կպատժվե՞ն: Լուծման տարբերակների և հետագա զարգացումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Այս խուճապը ստեղծվեց այն պահից, երբ Ռուսաստանում արժեզրկվեց ռուբլին, դրամն էլ արժեզրկվեց, ինչից օգտվեցին որոշ անձինք և խուճապ ստեղծեցին այն իմաստով, որ կարողանան ավելի շատ տարադրամ գնել: Պատկան մարմինները պետք է բացահայտեն այն անձանց, որոնք այդ խուճապը ստեղծեցին: Իսկ այն, որ մեզ մոտ դա արհեստական եղավ, ակնհայտ է: Բայց հազվադեպ են այն դեպքերը, երբ բացահայտվում են, այսպես ասած, մախինացիաները»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ թանկացավ ռուսական շուկայից ռուսական ռուբլով գնված ձեթը, առիթից օգտվեցին սուպերմարկետների ու խանութների տերե՞րը, թե՞ մատակարարը, նա պատասխանեց.

«Մյուս ապրանքները թանկացան, և առիթից օգտվեցին: Իսկ առիթից օգտվողները ոչ այնքան սուպերմարկետների ու խանութների տերերն էին, որքան մատակարարները: Նախ` մատակարարն է թանկացնում, հետո, դրանից ելնելով՝ խանութների տերերը: Բայց կան նաև խանութների ոչ պարտաճանաչ սեփականատերեր, որոնք ևս օգտվում են առիթից»:

Ինչո՞ւ փոխարժեքի որոշակի նվազումը չի բերում ապրանքների գների նվազման:

«Եթե կաթնամթերքի օրինակը բերեմ, ապա ոչ միայն գները բարձրացրեցին, այլև քաշն իջեցրին: Ասում են, որ կաթնամթերքը 10 տոկոսով է թանկացել, բայց իրականում 20-25 տոկոսով է թանկացել: Որովհետև, եթե թթվասերի մեկ կիլոգրամը 1000 դրամ էր, ապա հիմա գնի բարձրացումն ու քաշի իջեցումը զգալիորեն նկատելի են: Սա պետք է վերահսկվի Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կողմից, վարչապետը դա նրանց է հանձնարարել»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս