Բելառուսը պատրաստ է մշտապես օգնել Ուկրաինային. Լուկաշենկո
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի ու Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է մշտապես օգնել Ուկրաինային. «Ես ցանկանում եմ, որ Ուկրաինայում լավ լինի: Մեզ համար դա խաղ չէ, և ոչ միայն նրա համար, որ կա ապրանքաշրջանառություն, այլ նրա համար, որ մենք հարևաններ ենք, մենք ապրում ենք հարևանությամբ, մենք հարազատ մարդիկ ենք»:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրան, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը (7 միլիարդ դոլար) ոչ միայն չի ընկել, այլև՝ շարունակում է աճել: Լուկաշենկոն հավելել է, որ երկու երկրների միջև չկան պարտքեր ու պայմանագրերից շեղումներ:
Մինսկյան պայմանավորվածությունների հետ կապված՝ Լուկաշենկոն հիշեցրել է, որ Պորոշենկոն զանգահարել է իրեն և խնդրել է կազմակերպել հանդիպում. «Ես կազմակերպիչ եմ, և ոչ թե խաղաղապահ ու միջնորդ»:
Պորոշենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ եռակողմ շփման խմբի երկխոսության համար բացառիկ հնարավորություն ընձեռելու համար: Նա նաև առանձին շնորհակալություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության հանդեպ Բելառուսի հստակ դիրքորոշման համար:
Լուկաշենկոն ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Բելառուսն անելու է ամեն հնարավոր բան՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման համար: