
Իրանը հրթիռաշինության ոլորտում աշխարհում դուրս է եկել չորրորդ տեղ. Դեհգհան

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը հրթիռաշինության ոլորտում աշխարհում դուրս է եկել չորրորդ տեղ: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեին Դեհգհանը:
Նա մանրամասնել է, որ Իրանը տվյալ ոլորտում զիջել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին: Նա հավելել է, որ Իրանը ձեռնամուխ է եղել այնպիսի հրթիռների ստեղծմանը, որոնք անտեսանելի են հակառակորդի ռադարների համար:
Դեհգհանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացված բանակցությունների ժամանակ փորձել է առաջ քաշել Իրանի հրթիռային ծրագրերի հարցը, սակայն Իրանը վճռականորեն հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել որևէ այլ հարց` բացառությամբ միջուկային ծրագրի հարցի:
Ընդգծվում է, որ Իրանն արդեն իսկ հաջող աշխատանքներ է իրականացրել «Պարսից ծոց» գերձայնային բալիստիկ հրթիռների արդիականացման ուղղությամբ: