Բաժիններ՝

Վարդան Այվազյան. Այսօր ՌԴ-ն նման է մի երկրի, որը նստած է նավթագազային ասեղի վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանը մոտ 2 տարի հետո կհաղթահարի ներկայիս ճգնաժամը: Թե այս ընթացքում ի՞նչ է լինելու ՌԴ հետ մեկ միություն շտապող Հայաստանի վիճակը, 168.am-ը հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից:

«Պուտինի հայտարարությունն այլ կոնտեքստով էր գնում, որ 2 տարուց ՌԴ-ն ինքը կսկսի դինամիկ աճել: Այսօր ՌԴ-ն նման է մի երկրի, որը նստած է նավթագազային ասեղի վրա: Այսինքն՝ Պուտինը հայտարարեց, որ իր արտադրանքի մասնաբաժնի մեջ կգնան էներգախնայողությունների և ներքին արտադրությունը կկազմակերպեն»,- ասաց Վ.Այվազյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ի շուկայում ամենաապահովվածը կաթնամթերքն է՝ 75%, իսկ նոր տեխնոլոգիաների 85-90%-ը ներմուծվում է, սարքավորումների 50%-ը ներմուծվում է, հագուստի 60%-ը ներմուծվում է և այլն: Նա նշեց, որ ԵՏՄ անդամ ՌԴ-ն էներգակիր արտահանող երկիր է, ինչպես և Ղազախստանը, Բելառուսը փոխադրող երկիր է. «ՀՀ ֆինանսական շուկայի տրանսֆերտները՝ 3 մլրդից ավելի, 80 %-ը գալիս է ՌԴ-ից, և սա առաջացնելու է որոշակի լուրջ խնդիր և դրա հետ կապված պարտավոր ենք ավելի նախաձեռնություններով հանդես գալ ու նոր տնտեսական մոդելներով առաջ գնալ: Կառավարությունը մի շարք քայլեր կատարել է, որոնք իր ազդեցությունը կունենան՝ սահմանամերձ տարածքներին արտոնություններ տրվեցին, շրջանառության հարկը նվազեցվեց, ներդրումները ազատվեցին որոշակի հարկերից և այլն: Այսինքն՝ պետք է գրավիչ դարնձես երկիրը, որ փող գա ու դա դառնա աշխատատեղ»:

Թե ՀՀ քաղաքացիների կյանքն ինչպե՞ս կփոխվի, ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կապրեն այս ընթացքում, Վ.Այվազյանը պատասխանեց. «Եթե կարողացանք տնտեսական ակտիվությունը բարձրացնել, լավ կապրենք, եթե չկարողացանք, վատ կապրենք: ԵՏՄ-ն հնարավորություն է, եթե կարողացանք օգտագործել, լավ կլինի: Օրինակ, Էմիրաթներից ապրանքը 45 օրում է հասնում ՌԴ, եթե Հայաստանով տանես ու 20 օրում հասցնես, տարեկան 20-30 մլն դոլարի փող կմնա: Չօգտագործես էդ հնարավորությունը՝ վատ կապրես: Իրանցիները ասում են՝ ճանապարհային որոշ գումար հանես, կգա Հայաստանով Վրաստան կգնա, եթե չէ՝ Ադրբեջանով կգնա: Պետք է քայլեր ձեռնարկենք: Եթե կարողացանք օգտվել ԵՏՄ ստեղծված հնարավորությունից, մենք լավ կսկսենք ապրել: 5 տարուց հետո ավելի լավ կապրենք: ՌԴ տնտեսության վերականգնումը մեզ համար շատ կարևոր է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս