
Բելառուսը ռազմական սպառնալիք կդիտարկի ՀԱՊԿ-ի անդամ յուրաքանչյուր երկրի դեմ զինված ագրեսիայի ակտը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի խորհրդարանը երեկ ուղղումներ է մտցրել «Ռազմական դրության մասին» օրենքում, որոնց համաձայն` ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի դեմ ագրեսիայի ակտը գնահատվելու է որպես Բելառուսի համար ռազմական սպառնալիք:
Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը` ներակայացնելով «Ռազմական դրության մասին» օրենքը. «Հստակեցված է, որ որևէ երկրի կամ երկրների խմբի կողմից ՀԱՊԿ անդամ երկրի դեմ իրականացված զինված ագրեսիայի ակտը ճանաչվում է որպես Բելառուսի վրա հարձակում»:
Նախարարն ընդգծել է, որ առաջին անգամ օրենքով նախատեսվում է ռազմական դրություն մտցնելու հնարավորություն, եթե ոտնձգություն իրականացվի սահմանադրական կարգի դեմ: Բացի այդ, ուղղումներն արգելում են ռազմական դրության ժամանակ ստեղծել քաղաքական կուսակցություններ, այլ միավորումներ, դաշինքներ, ասոցիացիաներ: