Տատանումներ
Ակնկալելի էր, որ Արեւմուտքի կողմից մեկուսացվող Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ասուլիսը խլելու է ամենամեծ լուսարձակները: ՌԴ-ի ինքնիշխանության պահպանման համար մղվող պայքարի սահմաններում բացատրված եղելույթները շարունակվում են ենթարկվել մեկնաբանական եւ վերլուծման խորը քննարկման:
Ճիշտ է, որ այս գործընթացների հիմնական հանգույցը Ուկրաինան ու Ղրիմն է, այսուհանդերձ նախ, փորձենք կենտրոնանալ հայկական հարցերի հետ ուղղակի, ավելի ճիշտ, անուղղակիորեն կապված բաժինների վրա: Թեեւ մեկուսացման եւ տնտեսական ճնշամիջոցները, անմիջականորեն ազդել են եւ հայտնաբար դեռեվս պիտի ազդեն Հայաստանի Հանրապետության վրա:
Ուշադրությունից չվրիպեց Պուտինի այն հայտարարությունը, որ ռուսական արտասահմանյան ռազմակայանների թիվը ներկայացրեց երկու` Ղրղզստան ու Տաջիկստան:
Գյումրին չհիշատակելը պայմանավորված էր ամենավերջին շրջանի ռուս-թուրքական գործընթացներով: Ավելորդ է քննարկել, թե ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը, նոր զինուժ տրամադրելը, զինվորականության քանակի աճը, այս բոլորը ո՞ւմ դեմ էին ուղղված: Թուրքական մամուլը ուղղակի այս երեւույթը գնահատել էր իբրեւ թուրքական պետության դեմ ուղղված ուղերձ: Չմոռանանք, որ բավական լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայի եւ իսլամականների հարցով Անկարայի որդեգրած դիրքորոշումների պատճառով: Իրականությունն այն է սակայն, որ ժամանակակից աշխարհում քաղաքական փոխհարաբերությունները շատ ավելի բազմաշերտ են եւ բարդ:
Երկրորդ կետը այս դեպքում ավելի հստակ բացատրություն ունի եւ որոշ չափով կարող է պարզաբանում բերել խնամքով անուշադրության մատնված Գյումրուն: Թուրքական գործոնի մասին խոսելով, Պուտինը ընդգծեց, որ Թուրքիայի դերակատարությունը պայմանական է տարածաշրջանային խնդիրներ լուծելու համար:
Թեեւ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի Թուրքիայի ներթափանցումը Կովկաս` սկսած միջնորդական առաքելությունից: Ռուսաստանի համար Հայաստանի Հանրապետության հիմնական արժեքը բուֆերային գոտի լինելն է Թուրքիայի` այսօր նաեւ իսլամական շարժումների եւ Ռուսասատանի պայթունավտանգ հարավի միջեւ:
Դեպի Անկարա եւ դեպի միջազգային ընտանիք ու Արեւմուտք հղված այս ուղերձը ներառում է Պուտին-Էրդողան հանդիպմանն արծարծված խոսակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների նկատառումները: Տնտեսական պատժամիջոցների ենթարկվող Մոսկվան իր նոր գործընկերոջ մոտ փնտրում է կացությունից դուրս գալու ելքեր, որը իր հերթին միեւնույն կողմերին զգուշացնում է Մոսկվայի հետ իր հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:
Վերադառնանք հայկական հարցերին եւ ընդգծենք, որ անտեղի չէ ենթադրել ու մեկնաբանել, թե տարածաշրջանային հարցերի գլխավորներից է Արցախյան հակամարտությունը, որի լուծման համար, այս ձեւով Պուտինը, գոնե հայտարարողական (դժվար թե իրողական) մակարդակի վրա նվիրականացնում է Անկարայի միջնորդությունը: Տարածաշրջանային այլ խնդիր է նաեւ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա փակ սահմանը, որի լուծման համար եւս, ըստ Պուտինի արժեւորման, Անկարան դերակատարությունը ունի կատարելիք. իսկ Անկարան արդեն բազմիցս վերապայմանավորել է սահմանը բացելու իր քայլը:
Ուրեմն, Գյումրու ռազմակայանի աշխարհագրական դիրքը`Թուրքիայի սահմանակից լինելով ենթադրել է տալիս, որ ռազմակայանի գոյությունը առաջին հերթին դեպի ու՜ր ուղղված մարտահրավեր է կամ ո՞ր պետությունից պաշտպանվելու նպատակով է տեղակայված: Գյումրին չհիշելը, որոշ տրամաբանությամբ, ռուսական երրորդ ռազմակայանի կարեւորությունը նսեմացնելու մտադրություն ունի եւ նոր գործընկերոջը հանգստացնելու միտում:
Նման տատանումներ, թերեւս ավելի վտանգավոր են, քան հայկական դրամի դիմաց օտար դրամանիշերի արձանագրած տատանումները եւ կտրուկ ոստումները, որոնք բնականաբար կապված են մեկուսացման ենթակա ՌԴ-ի նկատմամբ կիրարկվող տնտեսական ճնշումների եւ ռուսական ռուբլու գերարժեզրկման հետ:
Հայկական դրամը վերակայանուցման միտումներ է դրսեւորում: Սա գուցե ժամանակավոր երեւույթ է: Ներհայկական քննարկումները իհարկե մտահոգվելու եւ պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն: Անտեղի է սակայն այս բոլորի շահարկումն ու գերքաղաքականացումը ամբողջական պատասխանատվությունը բարդելով կենտրոնական բանկի կամ իշխանությունների վրա: Երեւույթը հիմնովին կապված է աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ:
Անտեղի չի լինի սակայն նույն թափով լուսարձակի տակ առնել, որ հակառակ նավթի միջազգային գների կտրուկ անկմանը, «հարեւան» Ադրբեջանը, ի՞նչ միջոցների է դիմում իր դրամանիշը կայուն պահելու համար: Աշխարհաքաղաքական շարժառիթներից մեկնած նավթի միջազգային գների նվազումը կարող է լրջորեն հարվածել Բաքվի նավթադոլարային համակարգին, որը Բաքուն տնտեսաքաղաքական շահագրգիռ կենտրոն դարձնելու միակ հանգամանքն է:
Եթե Գյումրին «վրիպել է» Պուտինի ուշադրությունից՝ Բաքվի ստանալիք հարվածը չպետք է վրիպի մեր ուշադրությունից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր